Ինչպես և կանխատեսելի էր, վարչապետի հայտարարություն-կոչը Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է և վերջ» դեռ երկար է շահարկվելու և քննարկվելու տարբեր դիվանագիտական հարթակներում։

Երկրորդեմ նախկինում ասածս. այո՛, մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ, միասնություն, սակայն կա որոշակի ընթացակարգ և բանակցությունների տրամաբանություն, և նպատակն է նախ` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, և ապա Արցախը կորոշի Հայաստանի հետ հնարավոր միավորման հարցը։

Բայց արի ու տես, որ ՀՀ վարչապետը, կտրուկ փոխելով բանակցային տրամաբանությունը, հայտարարում է, թե Արցախը Հայաստան է։ Հայաստանի ղեկավարն է հայտարարում։ Միանձնյա։

Բնականաբար, այս հայտարարության մեկնաբանությունը փորձեցին ստանալ ԱԳՆ-ից։

Բայց այսօր ունենք այլ պատկեր։ Օրերս հայտարարությունը մեկնաբանեցին միանգամից երկու պաշտոնյաներ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տարբեր հարթակներում որակեցին այն իբրև ներքին լսարանին ուղղված... Ի դեպ, Պատրուշևն անգամ նշել է, որ, ամենայն հավանականությամբ, դա արվել է քաղաքական աջակցություն ստանալու նպատակով։

Չէի ցանկանա համեմատել, իրոք, բայց Արցախի հարցը ներքին լսարանին հաճո հայտարարություններով շաղախելը մինչ այժմ հատուկ էր մեկ այլ երկրի...

Եվ վերջում, ցավոք, ինչպես միշտ, դիվանագիտությունն իր կարևորությամբ ռազմական արվեստին հավասար է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել