Նոր 2-րդ տուգանքը ստացա Հյուսիսայինի «Մոսկվիչկա»-ի դիմաց կանգնելու համար: Ու որպես քաղաքացի մեղադրում եմ ՃՈ-ին ՀՀ քաղաքացիների դեմ կազմակերպված թալանի մեջ: Հիմնավորեմ: Նախ նշված խանութի առջև կանգառը գործել է տարիների ընթացքում, և այսօր որևէ տեսանելի, կրկնում եմ, ՏԵՍԱՆԵԼԻ նշան ՉԿԱ: Վերջերս նոր նշաններ տեղադրվեցին այդ վայրում, և դեղին գծանշում արվեց միայն խանութի կողքերով: Ի՞նչ է, դեղին նե՞րկը չհերիքեց, թե՞ դուխը, որպեսզի նույն գծանշումը անեին անմիջապես խանութի դիմաց: Էլ չեմ ասում, որ մշտական փարկինգի նշաններ են տեղադրված: Ի՞նչ է, մի տեսակ հարմա՞ր չի բացահայտ արգելելը և հանելը փարկինգի նշանները: Ինչո՞ւ Նազարյան Ներսիկի արարքների համար պետք է վճարեն հասարակ քաղաքացիները: Հիմա անցնեմ բուն տուգանքներին, որի ՊԻՆ կոդը կայքում հավաքելիս բացվում է նույն թղթի նկարը, որը ուղարկվել է վարչական պատասխանատվության ենթարկվածին: Ուր հստակ մեծ 2 նկարում երևում է մեքենայի համարը: Տղերք, ես իմ մեքենայի համարները լավ գիտեմ, ինձ ցուցադրեք այն վայրը, որտեղ կանգնել եմ և կանգնել չի կարել, գոնե նրա համար, որ նույն «սխալը» չկրկնեմ: 
Տեսախցիկների բիզնեսի առկայությունը, որն արդեն ապացուցել է իր անօրակությունը և անճշտությունը, պետք է վերացնել Հայաստանից, ինչպես դա արվել է շատ զարգացած երկրներում:
Այսօր երկրում առանց այդ էլ դժվար է ապրել, որոշ մարդիկ միլիոնանոց հարսանիքներ են անում, բայց ազգիս մեծ մասը օրվա հացի խնդիր ունի: Իսկ ես ձեզանից 5000 դրամ ձեզ ընտրելու համար երբեք չեմ վերցրել, որ հիմա հետ եք վերցում այդ փողը: Այդքան մտահոգ եք և օրինապաշտ` գնացեք բոլորին հայտնի տեղերից բյուջե մուտք արեք: Տեղերը կարող եմ հուշել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել