Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաևի ձերբակալության առիթով ոմանց ոգևորությունն առնվազն անհասկանալի է: Իսկ եթե անկեղծ լինենք՝ վտանգավոր: Առավել վտանգավոր են հնչեցվող այն կոչերը, որ Հայաստանում նույն կոշտ մեթոդաբանության կիրառման անհարժեշտություն կա: Իսկ “ուզում ենք, ինչպես Ղրղզստանում” մտածողությունը իրականում վկայում է խնդրի չափազանց մակերեսային ընկալման մասին:

Զուտ քաղաքական իմաստով Ղրզստանում տեղի ունեցող գործընթացները չեն կարող նախադեպային լինել, քանի որ դրանք հետևանք են շատ յուրահատուկ քաղաքական մշակույթի ու դարերով ձևավորված հասարակական հարաբերությունների: Խնդիրը պայմանականորեն բաժանենք երեք շերտի:

1. ԿԼԱՆԱՅԻՆ: Ղրղզստանն ավանդաբար բաժանված է երկու կլաների միջև, որոնք ձևավորվել են աշխարհագրական սկզբունքով: Դրանք հյուսիսային և հարավային կլաններն են, որոնք մշտապես մրցակցության մեջ են գտնվում երկրի ռեսուրսներն ու ինստիտուտները վերահսկելու համար: Ատամբաևի ձերբակալությունը ևս այդ միջկլանային պայքարի հետևանք է. նա, ի տարբերություն գործող նախագահի, հյուսիսային կլանի ներկայացուցիչ է: Թողնելով իշխանությունը՝ նա, այնուամենայնիվ, շարունակում էր իր կլանում կայուն դիրք զբաղեցնել՝ որոշակի վտանգ ներկայացնելով Հարավի համար: Այդ վտանգը հատկապես ընդգծվեց այն բանից հետո, երբ գործող նախագահ Ժեենբեկովը, որը քաղաքական բալանսի ապահովման համար իշխանության էր բերվել Ատամբաևի կողմից, սկսեց ինքնուրույնություն դրսևորել՝ սպասարկելով Հարավի շահերը: Ղրղզների “երկինքնությունը” թույլ չտվեց հաղթահարել հասունացող ճգնաժամը: Արդյունքում, մեծ է քաղաքացիական պատերազմի հավանականությունը:
2. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ: Չնայած նշված կլանային համակարգի, ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ղրղզստանում ձևավորվել էր ոչ ժողովրդավարական, սակայն յուրահատուկ մրցակցային քաղաքական մշակույթ: Դա, թերևս, իր հիմնական արտահայտումն է գտել հեղափոխական ճանապարհով իշխանափոխության հասնելու արմատացած պրակտիկայի մեջ (2005 և 2010 թթ.): Սակայն ղրղզական երկու հեղափոխությունների և ոչ մեկի արդյունքում “մերժվող” նախագահները երբեք չեն ենթարկվել քրեական հետապնդումների: Եվ այս առումով Ատամբաևի ձերբակալությունը քաղաքական ավանդույթ է խախտում, ինչի արդյունքում գործող նախագահը, հաշվի առնելով Ղրղզստանում հաճախ տեղի ունեցող Հյուսիս-Հարավ կլանային ռոտացիան, կփորձի հնարավորինս երկար մնալ երկրի ղեկին՝ գիտակցելով, որ նույն կոշտ մեթոդները կարող են մի օր կիրառվել նաև նրա նկատմամբ: Իսկ սեփական անվտանգության նկատառումներով իշխանությունն ամեն գնով պահելու ձգտումը տանում է ավտորիտարիզմի: 
3. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ: Հյուսիսի և Հարավի միջև ընթացող միջկլանային պայքարն ունի նաև աշխարհաքաղաքական նրբերանգներ: Այսպես, եթե Հարավը առավել իսլամացված է ու արմատական, ապա մոդեռնիզացված Հյուսիսում դեռ 19-րդ դարից ի վեր տիրում են պրոռուսական տրամադրություններ: Պատահական չէ, որ հենց հյուսիսային կլանը ներկայացնող Ատամբաևի նախագահության օրոք ամերիկյան “Մանաս” ռազմական բազան դուրս բերվեց Ղրղզստանից: Պետք չէ բացառել, որ հասունացող քաղաքական ճգնաժամի շահառուներից կարող է լինել հենց Վաշինգտոնը, որն իր “Մեծ Կենտրոնական Ասիա” գեոռազմավարության շրջանակներում նպատակ է հետապնդում դուրս բերելու Ղրղզստանից հետզհետե ընդլայնվող ռուսական “Կանտ” ռազմաբազան: Միաժամանակ, տարածաշրջանում գնալով ուրվագծվում են Չինաստանի շահերը, որի համար Ղրղզստանի ցամաքային ուղիները կարևոր դեր կարող են խաղալ Belt and Road նախագծի շրջանակներում: Ուստի, ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան աշխարհաքաղաքական եռանկյունու ձևավորման պայմաններում Ղրղզստանի համար առաջնային խնդիր պետք է լինի սեփական սուվերենության պահպանումը:

Այսպիսով, երեք շերտերում էլ ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնց գոնե մոտավոր մոդելավորումը Հայաստանի վրա առնվազն ցանկալի չէ: Ուստի, կարիք չկա զուգահեռներ փնտրելու, առավել ևս՝ դրանք անցկացնելու: Փոխարենն ավելի օգտակար կլիներ մտածել, թե ինչու ԵԱՏՄ անդամ երկու պետությունների՝ Հայաստանի և Ղրղզստանի միջև առևտրաշրջանառությունը չի գերազանցում 1 մլն դոլարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել