Նյու Յորքում օգոստոսի 7-ին սկսվել է սահմանափակ մասշտաբով անվարորդ ավտոմեքենաների շահագործումը: Ինչպես հայտնել է The New York Times թերթը, առաջին խմբաքանակը հասցվել է Brooklyn Navy Yard արդյունաբերական համալիրի տարածք եւ շուրջօրյա անվճար ուղեւորափոխադրումներ կիրականացնի օղակաձեւ երթուղով այդ համալիրի տարածքում, որն զբաղեցնում է 120 հեկտար տարածք:

Ավելի վաղ այդտեղ գործում էր ռազմածովային նավաշինարան, որտեղ կառուցվում էին «Միսուրի» տիպի գծանավեր, իսկ այժմ տեղավորված են շուրջ 400 ընկերությունների գրասենյակներ, եւ աշխատում է շուրջ 10 հազար մարդ: Անվարորդ ավտոմեքենաների փորձնական շահագործումն այդ տարածքում կիրականացվի երկու տարվա ընթացքում:

Էլեկտրական քարշուժով Polaris միկրոավտոբուսները, որոնք ուղեւորներին կփոխադրեն Brooklyn Navy Yard-ի տարածքում, նախատեսված են վեց ուղեւորի համար: Դրանք հանդերձված են լազերային սքաներներով, բարձր զգայունության տեսախցիկներով եւ հզոր համակարգչով: Որպես նախազգուշական միջոց յուրաքանչյուր ուղեւորության ժամանակ ուղեւորներին կուղեկցեն ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերի մասնագետը եւ IT-մասնագետը: Նրանք կհավաքեն եւ կվերլուծեն անվարորդ ավտոմեքենաների շահագործման մասին տեղեկատվությունը եւ անհրաժեշտության դեպքում կարող են ստանձնել կառավարումը:

Ավելի վաղ այդ համակրագի Optimus Pide գործարկու ընկերությունն արդեն անվարորդ ավտոմեքենաների փորձնական շահագործում է իրականացրել Բոստոնի ծովային նավահանգստի շրջանում, ինչպես նաեւ Սաութ Վեյմութ ավանի (Մասաչուսեթսի նահանգ) բնակելի թաղամասում եւ, ընկերության գլխավոր կառավարիչ Ռայան Չինի խոսքով՝ ոչ մի անգամ ոչ մի կարգի պատահարներ տեղի չեն ունեցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել