Հուլիսի 22-ին ԻԻՀ տեղեկատվության (հետախուզության) նախարարության կողմից հրապարակված տեսանյութը՝ արտերկրում օտարերկրյա և հատկապես ամերիկյան լրտեսական ցանցի դեմ պայքարելու վերաբերյալ, առավելապես քարոզչական բնույթ կրող և իրանական հանրության վրա ազդելու նպատակներ հետապնդող քայլ է։ Որպես նշվածի հավաստում՝ կարելի է դիտարկել տեսանյութում տեղ գտած որոշ ուշագրավ նրբությունները և փաստական սխալները։

Ֆիլմն իրանական հետախուզության կողմից վերջին տարվա ընթացքում 17 օտարերկրացի գործակալի (այդ թվում նաև՝ ԿՀՎ-ի) բացահայտման փաստի, գործընթացի, ինչպես նաև լրտեսների դեմ կիրառված տարաբնույթ պատիժների մասին է։ Ի դեպ, հարկ է նշել, որ տեսանյութում ցուցադրվում են նաև Հայաստանում արված կադրեր:

Իհարկե, հատկապես Հայաստանի մասով առավել հավաստի տեղեկատվություն կարող են տրամադրել ՀՀ համապատասխան մարմինները, բայց և այնպես, կարելի է փաստել, որ իրանական քարոզչամեքենայի կողմից հատկապես վերջին շրջանում բավական հաճախ են նմանատիպ տեսանյութեր տարածվում։ Սա, անշուշտ, պայմանավորված է նաև ինչպես Իրանի շուրջ, այնպես էլ, հատկապես դրանով պայմանավորված, հարևան երկրում ստեղծված իրավիճակով, երբ Վաշինգտոնի կողմից նախաձեռնված Իրանի մեկուսացման քաղաքականությունը լուրջ ազդեցություն է թողնում այդ երկրի սոցիալ տնտեսական իրավիճակի վրա։ Իսկ նման պայմաններում հասարակությանը միասնական պահելու փորձարկված միջոցներից մեկն էլ արտաքին թշնամու դեմ համախմբելն է, և նրա դեմ իրականացվող պատասխան «համարժեք» քայլերով հասարակությանը ոգևորելը։

Ի դեպ, նույն քարոզչական, հոգեբանական նպատակներով էլ իրանական քարոզչության պատասխանատուները հետևողականորեն սեփական հանրությանն են ներկայացնում նաև սահմանակից ջրային տարածքներում տարբեր երկրների նավթակիր նավերի, ԱԹՍ-ների և այլ միջոցների դեմ իրականացվող գործողությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել