Պահը հասունացել է: Առաջարկում եմ Երևանի պետական համալսարանի հիմնադրման հոբելյանական ծրագրերի շրջանակներում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի հարակից այգիներում՝ Անանիա Շիրակացու և Մովսես Խորենացու հուշարձանների մոտակայքում, տեղադրել համալսարանական զոհված ազատամարտիկներ Թաթուլ Կրպեյանի և Պետրոս Ղևոնդյանի (Պետո) հիշատակը հավերժացնող հուշարձաններ: 

Թաթուլ Կրպեյանը և Պետրոս Ղևոնդյանն իրենց ցուցաբերած խիզախությամբ, հայրենասիրությամբ և հերոսությամբ մշտապես եղել են ու շարունակում են լինել օրինակ համալսարանականերիս համար։ Ինձ համար հատկապես կարևոր է, որ 100-ամյա պատմություն ունեցող բուհի յուրաքանչյուր ուսանող, յուրաքանչյուր համալսարանական ճանաչի համալսարանական ազատամարտիկներին: Ճանաչի և իմանա, որ Արցախի Հանրապետության հերոս Պետրոս Ղևոնդյանը սովորել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում և իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին և Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման գործողությանը: 

Ճանաչի և իմանա, որ ՀՀ ազգային հերոս, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանող-ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանն իր իսկ հիմնած զինված խմբով ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը: 

Նրանք զոհվել են՝ թողնելով մեզ ազատագրված հայրենիք: Մենք՝ ապրողներս, նրանց առաջ մեր պարտքը մարելու մեկ ճանապարհ ունենք՝ հարգել, հավերժացնել նրանց հիշատակն ու շարունակել նրանց պայքարը՝ խրամատում, աշխատանքային ճակատում, հանրային կյանքում, կրթության-գիտության ասպարեզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել