Hetq.am-ը գրում է.

Հայաստանում ՏՏ ոլորտի մասին մենք հիմնականում լսում ենք հիացական գնահատականներ։ Ես արդեն 32տարի է՝ հիմնել և ղեկավարում եմ Հայաստանի հաջողակ ՏՏ ընկերություններից մեկը, լավ ծանոթ եմ բոլորխնդիրներին։ Եվ բոլորովին համաձայն չեմ ՏՏ ոլորտի մասին ընդունված կարծիքին, ընդհակառակը՝ շատ մտահոգ եմ դրա վիճակով։ Փորձեմ փաստերով նկարագրել ՏՏ վիճակը և հեռանկարները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության 1 տարին ամփոփող մամուլի ասուլիսում ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին հաշվետվությունը։» Հաշվետվության 39-րդ կետը վերաբերվում է ՏՀՏ ոլորտին և ասվում է․ «(ՏՀՏ ոլորտը) 10.5 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել և մեկնարկել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը: 2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի՝ ապահովելով 23 տոկոս աճ 2017 թվականի համեմատ: 2018թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 միլիոն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28 տոկոս, 2018թ. ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19,552-ի, ինչի արդյունքում մոտ 27 տոկոս աճ է արձանագրվել 2017թ.-ի համեմատ:»

Այս ցուցանիշերը այնքան աղաղակող սխալ են, որ անհրաժեշտ է մանրամասն քննարկել դրանք։

«ՏՀՏ ոլորտում 2018թ-ին 2017թ նկատմամբ, 27 տոկոս աճի արդյունքում դարձել է 19,552 զբաղված:»

ՀՀ Վիճակագրական Կոմիտեի կայքում գրված է, որ 2016 և 2017թթ Հայաստանի ՏՀՏ ոլորտում աշխատել է 19,200 մարդ։ Ուրեմն, որպեսզի 2018թվականին, 27 տոկոս աճի արդյունքում դառնար 19,552 աշխատող, 2017թ․ պետք է լիներ ոչ թե 19,200, այլ 15,395 մարդ և աճեր 4,157-ով։

Այն, որ նախորդ տարվա թվերը չեն նայում, զարմանալի է։ Բայց, գուցե ավելի զարմանալի է, որ կառավարությունում, նախարարություններում ոչ ոք չի մտածում, թե 4,157 մասնագետը որտեղից հայտնվեցին։ ՀՀ Վիճակագրական Կոմիտեի կայքում ասվում է, որ 2018թ․-ին Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի ինֆորմատիկայի ֆակուլտետները ավարտել են 572 հոգի։ (Իմ կողմից ասեմ, որ նրանց 60 տոկոսը այնքան անպատրաստ է, որ երբեք չի աշխատում ըստ մասնագիտության)։ Մի՞թե  կառավարությունում, էկոնոմիկայի, առավել ևս կրթության նախարարությունում  որևէ մեկը չգիտի՝ քանի ՏՏ մասնագետ է պատրաստվում Հայաստանում։

Պետք է հատուկ նշել, որ և՛ 2016, և՛ 2017թթ Հայաստանի ՏՀՏ ոլորտում աշխատել է 19,200 մարդ, այսինքն աշխատողների աճ չի եղել։ Վստահաբար և՛ 2018թ․, և՛ մոտակա տարիներին այդ թիվը չի փոխվելու։

ՏՀՏ ոլորտը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ հեռահաղորդակցություն և ծրագրավորում/ծառայություններ։ Հեռահաղորդակցությունը 7-10 տարի է՝ հագեցած վիճակում է, այստեղ փոփոխությունները չնչին են։ Հետևապես բոլոր նշված աճերը կարող են վերաբերել ծրագրավորում/ծառայություններ մասին։ Այսինքն՝ ներկայացված 4,157 զբաղվածի աճը վերաբերվում է ծրագրավորում/ծառայություններ մասին, որտեղ, ինչպես ներքևում կտեսնենք աշխատում է ընդամենը 4,000 մարդ։

«2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի՝ ապահովելով 23 տոկոս աճ 2017 թվականի համեմատ:»

Դեռևս 2016թ․ հայտարարվել էր ՏՀՏ 815 ընկերությունների մասին։ Եվ երկու տարվա ֆանտաստիկ աճերից հետո այդ թիվը դարձավ շուրջ 800։ Այս ամեն ինչը նմանվում է Օրվելի «1984» վեպին, որտեղ այսօրվա սուտ թվերը արդարացնելու համար անընդհատ փոփոխում էին անցյալի ցուցանիշերը։ Մեզ մոտ նույնիսկ անցյալը սրբագրելու կարիք չկա, որովհետև կառավարությունները երբեք չեն նայում անցյալ տարվա թվերը, կարևորը աճի մեծ տոկոսներ հնչեցվեն։

«Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 միլիոն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28 տոկոս:»

Մինչդեռ ՀՀ Վիճակագրական Կոմիտեի կայքում 2018թ․ մասին գրված է՝

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեղեկատվական ծառայություններ՝ 1816 լիոն ԱՄՆ դոլար կամ 14 տոկոս աճ»։

Tert.am-ի հարցին, թե ինչու այսպիսի անհամապատասխանություն կա վարչապետի և Վիճակագրական Կոմիտեի թվերի մեջ, ՏՏ գործիչ Կարեն Վարդանյանը ասել էր, «Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը աղբ է, այնտեղից ոնց կարելի է թիվ հանել»։ Ավելին, ըստ Վարդանյանի, շրջանառությունը կազմում է ոչ թե 730 մլն դոլար, այլ 900 մլն դոլար։ Դա հիմնավորում է այսպես՝ ունենք 20,000 աշխատող, ամեն մեկը ունի 45,000 դոլար արտադրողականություն, բազմապատկում ենք, ստանում ենք 900 մլն դոլար։ Հասկանու՞մ եք, ոնց են ստացվում ցուցանիշերը։ Օդից վերցնում են երկու թիվ, բազմապատկում են ու արդյունքը դնում են վարչապետի սեղանին։ Մի ուրիշն էլ երկու այլ թվեր է բազմապատկում, ստանում է 730 մլն դոլար։ Վարչապետն էլ, երևի զգուշորեն, փոքր թիվն է ասում՝ ընդամենը 730 մլն։

Ես կարծում եմ, Վիճակագրական Կոմիտե պահելու համար ահագին ծախս է արվում։ Եթե կառավարությունը այդ հարցում համաձայն է պարոն Վարդանյանի հետ և չի օգտագործում Վիճակագրական Կոմիտեի թվերը, գուցե ճիշտ կլինի ընդհանրապես փակել դա և բոլոր ոլորտների համար օգտվել ՏՏ գործիչների ներկայացրած թվերից։ Հայաստանի ՀՆԱ-ն միանգամից չորս-հինգ անգամ կաճի և համապատասխանաբար այդքան էլ կաճեն բյուջեի մուտքերը։

ՏՏ ոլորտի ցուցանիշների այս վաքխանալիան սկսվել է 2001 թվից, երբ ՏՏ ոլորտը հայտարարվեց գերակա ուղղություն

2001 թվից Հայաստանի իրար հաջորդող կառավարությունների և ՏՏ միշտ նույն գործիչների մեջ կա նախանձելի փոխըմբռնում։ Սա համագործակցության մինչև այժմ չտեսնված մակարդակ է։ Այստեղ պատվիրատուն, այսինքն կառավարությունը, փողը տալիս է, բայց աշխատանքների ընդունում չի անում։ Աշխատանքների արդյունքի գնահատականը նույնպես կատարողն է տալիս։ Կառավարությունն ուղղակի հարցնում է ՏՏ գործիչներին, «Ո՞նց են գործերը», նրանք էլ ասում են, «Շատ լավ են՝ 28 տոկոս աճ» և կառավարությունը ՏՏ ոլորտին տալիս է հերթական միլիոնները (այս տարի՝ 10․5 մլն դոլար ինժեներական քաղաք սարքելու համար):

ՏՏ ոլորտին արտոնություններ տալու հետևանքները

Հայաստանի գյուղերում կա մեծ գործազրկություն։ Կան ընտանիքներ՝ որտեղ հայրը, մայրը, երեխաները, աշխատունակ են, սակայն ընտանիքը որևէ գործ սկսելու համար փող չունի։ Եթե այդ ընտանիքին արտոնյալ պայմաններով տրվում է 10 մլն դրամ գոմ սարքելու համար և 10 մլն դրամ կովեր գնելու համար, դրանով մի քանի կարևոր աշխատատեղ է ստեղծվում։

Սակայն, ՏՏ ոլորտում չկա գործազրկություն, այլ կա մասնագետների մեծ պակաս։ Անգամ նվազագույն կարողություն ունեցող մասնագետն անմիջապես աշխատանք գտնում է։ Հետևաբար՝ մեզ մոտ չկա աշխատատեղ կամ ձեռնարկություն ստեղծելու խնդիր, կա մասնագետ պատրաստելու խնդիր, ինչը շատ վատ վիճակում է։ Հետևաբար պետք է մտածել միայն մասնագետներ պատրաստելու մասին։ 10․5 մլն դոլար տրվում է ինժեներական քաղաք սարքելու համար, որ ո՞վ աշխատի այդտեղ։ Ամբողջ քաղաքը լիքը ազատ տարածքներ են, համարյա ձրի։

Արդեն արտոնություն է տրվել 428 կազմակերպության։ Այստեղ նորից նույն պատկերն է՝ կառավարությունը հարկային արտոնություններ տալու որոշումն ընդունել է, արդեն 428 ընկերության տրվել են այդ արտոնությունները, սակայն չի ստուգվել, այդ ինչ կազմակերպություններ են, ինչով են զբաղված։

Մենք ինտերնետում հատ հատ փնտրեցինք այդ կազմակերպությունները։

Նախ, 428-ից 236-ը կայք չունեն, ինչպե՞ս կարող է ՏՏ ընկերությունը կայք չունենալ։

Մնացածների ճնշող մասը մի էջանոց կայք ունեն, որտեղ գրված է, որ իրենք շատ բարձր մակարդակ ունեն և կարող են անել աշխարհում ամեն ինչ, բերեք պատվերները։

Մի մասը հարկերից խուսափող ՏՏ ընկերությունների հիմնած «ճուտիկներն» են, ինչը երևում է նման անուններից և նույն հասցեներից։

Կան ընկերություններ, որոնք իրենց գործունեության մեջ համակարգիչներ են օգտագործում, օրինակ՝ դիզայներական, գովազդային, անիմացիոն, տպագրական, հաշվապահական և այլ ընկերություններ։

Մի շարք ընկերություններ էլ միայն հարկերից խուսափելու սխեմաներ են աշխատեցնում։ Սխեման հետևյալն է՝ այդ ընկերությունը մի օլիգարխի ընկերությունից պատվեր է վերցնում, օրինակ 100 մլն դրամ ՏՏ խորհրդատվության համար, 10 մլն աշխատավարձ է գրում, որից տալիս է 10 տոկոս եկամտահարկ, այսինքն 1 մլն դրամ հարկ, մնացած 9-ը դնում է գրպանը, 90 միլիոնն էլ շահույթ է, 0 տոկոս շահութահարկով, ամբողջը դնում է գրպանը։ Արդյունքում 1 տոկոս հարկ են տալիս, իսկ 99 տոկոսը բաժանվում է կողմերի մեջ։ Ոչ արտոնություններով աշխատող ՏՏ կազմակերպությունները տալիս են 30-35 տոկոս հարկ, որպեսզի ինչ որ կազմակերպություններ՝ ՏՏ ոլորտի կամ ուղղակի փող լվացող, տան 1 տոկոս հարկ։

Այդ ցուցակում կան նաև ռուսական «1С» ընկերության հաշվապահական  ծրագրերը Հայաստանում վաճառող ընկերություններ։ Հայաստանյան հաշվապահական  ծրագրեր մշակող ընկերությունների վճարած հարկերի հաշվին պետությունը արտոնություն է տալիս ընկերությունների, որոնք  դրսից բերված ծրագրերով Հայաստանյան շուկայից դուրս են մղում հարկեր վճարող տեղական ընկերություններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել