Հուլիսի 4-ին Ջիբրալթարի նեղուցում ՄԲ թագավորական ծովային հետևակի զինծառայողներն ԱՄՆ-ի խնդրանքով կանգնեցրել էին Grace 1 անունը կրող սուպեր նավթակիրը, որն, իբրև շրջանցելով ԵՄ պատժամիջոցները, փորձում էր իրանական նավթը տեղափոխել Սիրիա: Ի դեպ, նավթակիրն Իսպանիայի հարավում՝ Միջերկրական ծովում էր հայտնվել՝ շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը և խուսափելով ավելի կարճ ճանապարհով՝ Սուեզի ջրանցքով երթուղուց: Իրանական կողմի պաշտոնական բացատրությունն այն է, որ նավթակիրը չէր լողում դեպի Սիրիա, և դրա չափերն ու տարողությունը (շուրջ 2 մլն բարել) բավական մեծ են Սուեզով անցնելու համար: ՄԲ արտածովային դատարանի որոշմամբ նավթակրի արգելափակման համար սահմանվել է երկշաբաթյա ժամկետ:

ՄԲ-ի նման քայլը լուրջ զայրույթ էր առաջացրել Թեհրանում՝ հավելյալ խնդիրների պատճառ դառնալով ԵՄ հետ հարաբերություններում հատկապես Իրանի միջուկային ծրագրի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում: Ավելին՝ ԻՀՊԿ գեներալ-մայոր, Համակարգի նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սպառնացել է Պարսից ծոցում բրիտանական նավթակիր գրավել, եթե Լոնդոնը չազատի իրանական նավը:

Վերոնշյալը հավաստում է այն իրողությունը, որ ԱՄՆ-ը բավական լուրջ է տրամադրված Իրանի նավթի վաճառքը հնարավորինս արգելափակելու քաղաքականության հարցում: Այդուհանդերձ, պետք է նշել, որ Վաշինգտոնը դեռևս չի կարողանում հասնել առավելագույն արդյունավետության, որի ապացույցն է օրերս Իրանի պետական հեռուստատեսության ցուցադրած տեսանյութն առ այն, թե ինչպես է Salina անունը կրող ԻԻՀ դրոշով նավթակիր նավը 1 մլն բարել հում նավթ հասցրել Չինաստանի նավահանգիստներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել