Հունիսի 21-ին Արարատ Միրզոյանն իր հարցազրույցի ընթացքում, Վահե Գրիգորյանի հայտարարությունը համարելով իրավաչափ, նշում է հետևյալը. «Ես կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը շատ հիմնավոր կերպով ասաց, որ Սահմանադրական դատարանում երկու դատավոր կա, որոնցից մեկը կարծես թե հանրապետությունից բացակայում է, հետևաբար պարտականություններն ինչ-որ մեկը պետք է կատարի»: 

Այսինքն՝ այս հարցազրույցի ընթացքում պարոն Միրզոյանն ամբողջությամբ համաձայնում է Ազգային ժողովում Վահե Գրիգորյանի կատարած հայտարարությա հետ՝ փաստելով, որ այդ պահի դրությամբ Սահմանադրական դատարանում առկա է յոթ դատավորի թափուր տեղ:

Սակայն հունիսի 28-ին պարոն Միրզոյանը նույն թեմայով մեկ այլ հարցազրույց է տալիս՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի մասով առկա է անորոշություն, կարելի է խոսել նաև ճգնաժամի մասին, այսպիսի ճգնաժամից ժողովուրդները դուրս են գալիս լայն քննարկումների և կոնսենսուսի ճանապարհով: Միրզոյանը նշում է նաև, որ կա տեսակետ, որ Վահե Գրիգորյանն անում է Սահմանադրության տառացի մեկնաբանություն, մինչդեռ պետք է կարևորել նաև Սահմանադրության ոգին. «Պետք է, այնուամենայնիվ, ընդունենք, չէ՞, որ կա հասարակության անվստահություն Սահմանադրական դատարանի նկատմամբ, և դա նոր չէ, և դա հեղափոխությունից հետո չէ, դա եղել ա տասնամյակներ շարունակ, և մարդիկ նաև հարցեր են բարձրացնում Հրայր Թովմասյանի ընտրության հետ կապված»:

Փաստորեն, պարոն Միրզոյանը մեկ շաբաթվա ընթացքում հայտնում է երկու իրարամերժ տեսակետ. հունիսի 21-ին խոսում է այն մասին, որ ՍԴ-ում կա 2 դատավոր, իսկ հունիսի 28-ին նշում, որ այս հարցում առկա է անորոշություն, ճգնաժամ, պետք է քննարկումներ կազմակերպել և հասկանալ, թե որ տարբերակն է ճիշտ:

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է իշխանության մոտ ոչ թե իրավունքի գերակայության կամ Սահմանադրության պաշտպանվածության մտահոգության մասին, այլ հավաստում է առաջադրված հակաօրինական նպատակին ցանկացած եղանակով հասնելու համառ ձգտումը՝ այն ուղեկցելով սեփական սկզբունքային դիրքորոշումը կայծակնային արագությամբ փոխելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել