Մասնավոր գերեզմանների հարցը էլի մեյդան հանվեց: Էն էլ ում կողմից՝ հայոց ամենաարդյունավետ, ամենասկզբունքային, ամենա-ամենա-ամենա կուսակցության՝ ՕԵԿ-ի կողմից: Ես արդեն կողմ եմ:

Ի՞նչ են առաջարկում: Ի մասնավորի առաջարկում են գերեզմանատները դարձնել մասնավոր, մեռելներին էլ՝ իրենց տեղերը վարձակալել 49 տարով:

Սա ինձ թվում է, կառավարության ստանձնած ու վարչապետի կողմից այդքան անձնուրաց կերպով խրախուսվող մանր ու միջին ձեռնարկատիրության խթանման լավագույն օրինակն է: Չէ՞ որ մենք մանրմիջինձեռնարկատիրությանխթանում-oriented երկիր ենք: Համաշխարհային բանկից մի քանի միլիարդ վարկ կվերցնենք, благо ձեռները գրպանները դրած սպասում են, որ կես բերան ասես, հանեն հաշվեն, ճըպըցնեն սեղանին:

Մենք չենք թողնի, որ այդ բիզնեսն ընկնի օլիգարխների ձեռքը: Ես, դու, մյուսը ու էն մեկը, կգնանք, ԱՁ կգրանցենք ու գերեզմանատուն կբացենք: Մրցակցություն կլինի՝ ով էժան ասեց, մեռելները նրան էլ կնախընտրեն: Որակը չապահովեցի՞ր, մեռելը փասափուսեն կհավաքի ու հայդե քո մրցակցի մոտ: Տեսնեմ, որ մոտիցդ 3 մեռել փախնի, դու կշարունակե՞ս գլուխ պահել... Մի խոսքով, ժող ավարտածներն ինձնից լավ կնկարագրեն մրցակցության ողջ գործընթացը:

Մենակ մի հարց ունեմ՝ ինչի՞ հենց 49 տարի: ՕԵԿ-ը հայտնութենական գաղտնիքնե՞ր գիտի, որ ասենք մեռելների համընդհանուր հարությունը լինելու է օրենքի ընդունումից ուղիղ 48 տարի հետո... Թե՞ հաշվարկել են, որ մեր երկիրն էդքանից ավել չի ձգի իրենց նմանների ձեռքը:

Իհարկե, լավ է, որ 49 տարին չի վերաբերվում արդեն գոյություն ունեցող մեռելներին: Սա մեծ հումանիստական մոտեցում է: Հակառակ դեպքում պտի գնային, թեկուզ ընդամենը 51 տարի առաջ մեռածի գլխին կանգնեին, ասեին՝ հոպ, երկու տարի ավել պառկած ես էս տարածքում, կամ մուծվի, կամ էլ... այ, մեկ էլ էդ «կամէլ»-ն է հետաքրքիր...

Հա, մեկ էլ, ինչն է հատկանշական՝ կառավարությունն իհարկե կողմ է այս օրինագծին՝ հում, թե կիսահում, թե եփած, թե վառած տարբերակով:

Ստեղ մի հատ դուդուկի տուշ մուղամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել