Այն, ինչ անցած 10 օրերին տեղի էր ունենում Պարսից ծոցի տարածաշրջանում, առավել տիպիկ կարելի է բնորոշել որպես նյարդերի պայքար: Մի կողմից ԱՄՆ-ի, նրա տարածաշրջանային դաշնակիցների՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի, մյուս կողմից՝ Իրանի միջև դիմակայությունն ընթանում է միաժամանակ մի քանի հարթություններում՝ ՌԾՈւ-ի և ռազմավարական մանևրների, հռետորաբանական, քարոզչական հարթություններում. նպատակն Իրանին ծնկի բերելն է:

Չնայած պայթյունավտանգ լարվածությանը՝ այսուհանդերձ, քիչ հավանական է ռազմական ուղղակի առճակատումը հակամարտ կողմերի միջև, բայց և այնպես նրանցից յուրաքանչյուրը սպասում է դիմացինի վրիպելուն կամ զիջելուն, մինչդեռ ցայժմ կողմերն անդրդվելի են:

ԱՄՆ-ի կողմից նման դիմակայության հրահրման ազդակներն այլ անուղղակի հասցեատեր ևս ունեն՝ Իրանի գործընկերները, որոնք, չնայած Վաշինգտոնի հայտարարած պատժամիջոցներին, դեռևս շարունակում են հատկապես էներգակիրների առևտրի ոլորտում Թեհրանի հետ համագործակցությունը: Ընդամենը 1 տարվա ընթացքում հասնելով իրանական նավթի վաճառքի շուրջ 3/4-ով նվազմանը՝ Սպիտակ տանը հույս ունեն, որ իրանական կողմը չի կարողանա երկար դիմակայել սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչը հավելյալ խնդիրներ կառաջացնի իրանական վարչակարգի համար՝ պատճառ դառնալով նաև ներքին լարվածության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել