Երբ պատգամավորը լրագրողին դեմքի լուրջ արտահայտությամբ ասում է, թե հարցազրույցների համար այսուհետ պետք է վճարես, դա վկայում է երկու բանի մասին` 
1. Պաշտոնական դիրքի չարաշահման
2. Սեփական ժողովրդի նկամամբ անարգանքի և արհամարհանքի:
Լավ, դժվա՞ր է հասկանալ, որ եթե պատգամավոր չլինեին, լրագրողի դարդը չէր կտրի լսել նրանց մտքի գոհարները ու ստիպված և պարտավորված դրանք փոխանցել հանրությանը: Իսկ ո՞ւմ միջոցով են պատգամավոր դարձել: Այո, նույն հանրության, թեպետ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կարծիքներն իրարամերժ են: Կա նաև 3-րդ տարբերակը: Գուցե վճարելու մասին խոսք են բացում, որ լրագրողները քիչ անհանգստացնեն, քանի որ չի բացառվում, որ քիչ թե շատ կրթված ծանոթներից մեկն ասած լինի, թե «վերջին հարցազրույցիցդ հետո ամոթից գետինը մտա»
Պատգամավորին ընտրողը Ազգային ժողով է ուղարկում ոչ թե ուրիշի փոխարեն կոճակ սեղմելու կամ լրատվամիջոցների հաշվին հարստանալու, այլ այս կամ այն ցավոտ հարցը օրենսդրորեն կարգավորելու և հաշվետու լինելու համար: Այնպես որ քարերը փեշերից թափեք և հարցազրույցները տվեք անվճար, այլապես ստիպված կլինեք անվճար հարցազրույց տալու համար խնդրել, չէ՞ որ հարցին, թե ինչու եք միակողմանի ներկայացրել այս կամ այն պատգամավորի քաջագործությունն ու օյինբազությունը, լրատվամիջոցի պատասխանը մեկն է լինելու - նրա կարծիքը լսելու համար «Օգնենք պատգամավորներին» հիմնադրամում դեռևս բավարար գումար չի հավաքվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել