Փաշինյանը կոպտագույն սխալ է թույլ տալիս` Արցախի հարցում շարունակելով ավելի խճճել իր կողմից հնարված բարի բլեֆի բանաձևը: Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի նախաբանն Արցախում անհեթեթ վատթարացնում է առանց այդ էլ ծանր իրավիճակը, որովհետև ազգակործան ծրագիրն ավելի է ամրապնդվում` Հայաստանին արդեն ներկայացնելով որպես նախկինների կողմից համաձայնեցված այդ փաստաթղթի մոդիֆիկատոր: Մոդիֆիկացիան լուծում չէ, չկա այդ ծուղակից ելք: Զիգզագները Մադրիդյան փաթեթի շրջանակում վատ են նայվում, դրանք Երևանին ավելի են խոցելի դարձնելու:

Անհասկանալի է, ապշեցուցիչ է այն կուրությունը, որով Փաշինյանի արտաքին քաղաքական գիծն առաջնորդվում է` «դուխովությունը» թողնելով միայն գլխարկների վրա:

«Դուխով» քաղաքականությունը կլիներ այն, որ գիտակցվեր անգրագետ, մակերեսային դիվանագետներով և խորհրդականներով վարվող գծի ամլությունը և տղամարդկայնորեն Հայաստանը հրաժարվեր Մադրիդյան փաստաթղթից:

Դրա համար արդեն իսկ ուշ է, բայց ուշացած չէ:

Քաղաքագետների և որակյալ մասնագետների մի ամբողջ խումբ անընդհատ հորդորում է իշխանությանը հրաժարվել այդ փաստաթղթից, բայց վարչապետը շարունակում է մնալ մի գծի մեջ, որ ԼՏՊ-ն է հնարել, և վատթարացվել է հաջորդ երկուսի օրոք:

Անտեսվում են մասնագետների կարծիքները, ականջալուր են լինում վարչապետին շրջապատող դիլետանտ, բայց գիտակ ներկայացող անձանց խորհուրդներին:

Փաշինյանը սխալ, սխալ, անչափ սխալ գծի վրա է: Նրա մտադրությունները բարի են, բայց բռնած ուղին չարիքի է հանգեցնելու:

Հասարակության` այդ գծին լուռ և համր կողքից հետևելն էլ պատմական ձախողման կարող է հանգեցնել:

Անհրաժեշտ է ճնշում կիրառել իշխանության վրա` նախկինից եկող տգետ և արդեն անչափ վտանգավոր դարձող գիծը դադարեցնելու համար: Անհրաժեշտ է այս իշխանության արցախյան մոտեցումներին հեղափոխական շրջադարձ պարտադրել, հակառակ պարագայում հեռանկարում կարող ենք և Հայաստանը կորցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել