Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես, չի ցանկանում նահանջել Սահմանադրական դատարանն «իրենով անելու» ցանկությունից: Եվ, քանի որ Փաշինյանն իր նպատակին հասնելու համար չի կարող քայլեր ձեռնարկել իր դեմքով, ապա կրկին դիմել է նախագահ Արմեն Սարգսյանի օգնությանը: Փաստացի, գործադիր իշխանության ղեկավարը չի սահմանափկվում միայն սովորական դատարանների գործերին խառնվելով, այլ, ինչպես ասում են, ավելի բարձր է վերցրել: Լոնդոնյան փաստաբանական շրջանակներից Հայաստանում հայտնված փաստաբան Վահե Գրիգորյանին, ով գաղտնալսման սկանդալի գլխավոր հերոսներից է, նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Փաշինյանի պահանջով կամ հորդորով արդեն մեկ անգամ ներկայացրել է Ազգային ժողովին և մերժվել: Բայց նախանձելի և բավականին կասկածելի համառությամբ Նիկոլ Փաշինյանը նախագահի ձեռքերով փորձում է Վահե Գրիգորյանին ամեն գնով տեղավորել Սահմանադրական դատարանում:

Արդեն իսկ եղել են բազմաթիվ հրապարակումներ, որ Վահե Գրիգորյանին նույն պաշտոնում երկրորդ անգամ առաջադրելն օրենքի և իրավունքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այսպես՝ համաձայն Արմեն Սարգսյանի՝ 2019 թվականի հունվարի 31-ի ՆԿ-5-Ա կարգադրության` նախագահը ձևավորել է ժամանակավոր աշխատանքային խումբ, որը պետք է նպաստի ՍԴ դատավորի թեկնածու հավակնորդների ընտրությանը և նախագահին ներկայացնի այդ թեկնածուներից յուրաքանչյուրի վերաբերյալ խորհրդատվական կարծիք: Մի կողմ թողնենք հանգամանքը, որ աշխատանքային խումբը, որի մեջ ներառված են մի շարք պետական մարմինների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ոչ ձևի, ոչ էլ բովանդակության մեջ չի կարող հանդիսանալ հավակնորդների ընտրության մրցակցային մարմին: Հարցը նույնիսկ այն չէ, որ այս քվազիմրցութային հանձնաժողովը նախագահի կողմից քաղաքական խնդիրը իրավական փաթեթավորման ենթարկելու փորձ է: Հարցն այն է, որ նախագահ Արմեն Սարգսյանը խախտում է Սահմանադրությունը, համաձայն որի` նախագահը չունի առընթեր խորհրդակցական մարմիններ ձևավորելու լիազորություն: Լավ կլիներ, որ նախագահի խորհրդականները հուշեին Արմեն Սարգսյանին, որ առընթեր խորհրդակցական մարմին ձևավորելու լիազորություն նախագահն ուներ 2005թ.-ի Սահմանադրությամբ, բայց այդ Սահմանադրությունը վաղուց չի գործում: Լավ կլիներ, որ նախագահի խորհրդականները նաև տեղեկացնեին Արմեն Սարգսյանին, որ թեև ինքն այդ ժամանակ Լոնդոնում է եղել, բայց Հայաստանն այդ ընթացքում կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, ուստի նախագահը գործող Սահմանադրությամբ չունի այն լիազորությունները, ինչ որ ուներ կիսանախագահական կառավարման ժամանակներում:

Բայց պարզվում է՝ նախագահը միայն Սահմանադրությունը չէ, որ փորձում է խախտել: Ոտքի տակ է ընկել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն ու Դատական օրենսգիրքը: Սահմանադրությունից բխող որևէ օրենք և օրենսգիրք չի նախատեսում ՍԴ դատավորի թեկնածուի մրցութային, քվազիմրցութային կամ նախագահի 2019 թվականի հունվարի 31-ի ՆԿ-5-Ա կարգադրության բովանդակությանը համահունչ կարգ կամ գործողություններ: Լավ կլիներ, որ նախագահի խորհրդականները հուշեին գիտակցական կյանքի մեծ մասը Եվրոպայում անցկացրած Արմեն Սարգսյանին, որ չկա Եվրախորհդի անդամ որևէ պետություն, որտեղ ՍԴ դատավորի ընտրությունն իրականացվի մրցութային կարգով: Նաև տեղեկացնեին, որ, ի հակադրություն այս մոտեցման, Սահմանդրության ուժով միայն Վճռաբեկ դատարանի դատավորներն են ընտրվում մրցութային կարգով, քանզի Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորներին ընտրում է յուրաքանչյուր տեղի համար ԲԴԽ առաջադրած երեք թեկնածուներից մեկին:

Ուշագրավ է, որ Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրելու լիազորությունը նախագահի եզակի ինքնուրույն (չուղղորդվող) լիազորություններից է, և դրա իրականացումը պետք է ապահովվի բացառապես նախագահի աշխատակազմի միջոցով՝ առանց այլ պետական մարմինների կամ կազմակերպությունների ներգրավման: Բայց արի ու տես, որ նախագահի ՆԿ-5-Ա կարգադրությամբ` ՍԴ դատավորների թեկնածուների վերաբերյալ խորհրդակցական կարծիք հայտնելու հնարավորություն է տրվել ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցչին, ինչը հակասում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 1-ին մասում սպառիչ սահմանված՝ ԱԺ մշտական հանձնաժողովների գործառույթներին, ինչպես նաև ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին: Ինչ վերաբերում է ԲԴԽ ներկայացուցչի ներգրավմանը ՍԴ դատավորների ընտրության գործընթացին, ապա դա պարզապես նոնսենս է, քանզի Սահմանադրության 7-րդ գլխի համակարգային լուծումները բացառում են անգամ կարծիք հայտնելու միջոցով ՍԴ դատավորների ընտրության գործընթացում որևէ այլ պետական մարմնի, հատկապես՝ ԲԴԽ կամ այլ դատարանների մասնակցությունը՝ բացառությամբ մեկ դեպքի, երբ ՍԴ դատավորի երեք թեկնածուներ առաջադրում է պետական մարմնի կարգավիճակ չունեցող դատավորների ընդհանուր ժողովը:

Նույն հայեցակարգային մոտեցման շրջանակներում Սահմանադրությունը բացառում է իր հերթին ՍԴ ներգրավումը սովորական դատարանների դատավորների ընտրության գործընթացին: Ի դեպ, նախագահը վերստին խախտել է Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման՝ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1434 որոշմամբ դեռևս ուժի մեջ թողնված՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված բոլոր ժամկետները, նույնիսկ այդ որոշման մեջ ՍԴ կողմից որպես ոչ խնդրահարույց գնահատված մեկամսյա ժամկետը: Այս հանգամանքը հիմքեր է տալիս կարծելու, որ ժամկետները դիտավորությամբ են խախտվել, որպեսզի հնարավոր լինի շրջանցել նախորդ գումարման Ազգային ժողովը և նախապես որոշված նոր թեկնածուին ներկայացնել արդեն նորընտիր Ազգային ժողովին: Սահմանադրությունը բռնաբարելու այս ողջ գործընթացի կարևորագույն դրվագներից է նաև այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը պահանջում է, որպեսզի մեկ անգամ ձախողվելուց հետո Ազգային ժողովին առաջարկվի նոր թեկնածու: Իսկ Վահե Գրիգորյանն արդեն մեկ անգամ ձախողվել է: Ազգային ժողովը նրան չի քվեարկել: Եվ ովքեր պնդում են, թե նոր խորհրդարան է ընտրվել, և ցանկացած հին թեկնածու նոր է, զբաղված է պարզունակ աճպարարությամբ: Սահմանադրությունը և օրենքը պնդում են, որ այս պահանջը վերաբերում է միմիայն առաջադրող մարմնին, տվյալ դեպքում՝ Հանրապետության նախագահին, այլ ոչ թե ընտրող մարմնին՝ Ազգային ժողովին:

Փաստորեն, կարելի է պնդել, որ, տուրք տալով առկա քաղաքական կոնյուկտուրային և վարչապետ Փաշինյանի «աչքը մտնելու» առիթը բաց չթողնելով, նախագահ Արմեն Սարգսյանը դեմ չէ Սահմանադրությունը խախտելու և, ընդհանրապես, սահմանադրականությունը մի կողմ դնելու ճանապարհով կասկածի տակ դնել ՍԴ դատավորի ընտրության լեգիտիմությունը, ինչը հարված է լինելու ոչ միայն ՍԴ ընտրված դատավորին, այլև Սահմանադրական դատարանին: Չէ՞ որ հետագա քաղաքական զարգացումները հանգեցնելու են այս հիմքով ՍԴ որոշումների վերանայման և այդ դատավորի ընտրության չեղարկման քաղաքական և իրավական պահանջների, ընդ որում՝ որքան ավելի քաղաքականապես ակտիվ և կուսակցական շահերին հարող դատավորի թեկնածու առաջադրվի և ընտրվի, այնքան խնդրահարույց է լինելու նրա ընտրությունը և դրանով պայմանավորված՝ ՍԴ որոշումները վերանայելու պահանջը: Իսկ որ փաստաբան Վահե Գրիգորյանն ակնհայտորեն քաղաքականացված է, ավելին` հայտնվելով գաղտնալսումների հետ կապված սկանդալների մեջ՝ փաստաբան-դատախազի կերպար ունի, ակնհայտորեն ծառայում է կասկածելի դատական գործընթացներում պետական մեղադրողի քմահաճույքներին, նույնիսկ քննարկման թեմա չէ: Կասկածից վեր է նաև, որ քաղաքական իրադրության փոփոխության դեպքում սահմանադրական այս վակխանալիայի համար ոչ թե Վահե Գրիգորյանին են հարցեր ուղղելու, այլ նախագահ Արմեն Սարգսյանին, եթե, իհարկե, մինչ այդ պահը նա ՀՀ քաղաքացիությունից հերթական անգամ հրաժարված չլինի: Չնայած քաղաքացիությունից հրաժարումն էլ իր հերթին չի ազատում արդարադատության հետ առնչվելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել