• Ասկերանի շրջանի Դահրազ գյուղի ամրոցն է (9-13-րդ դարեր)։ Տեղացիների շրջանում հայտնի է «Հոռումսիմ» կամ «Հռիփսիմե» անուններով։ 
• Իմ կանգնած տեղից անմիջապես ներքևում երևացող պատի փլվածքը ոչ թե մի անհիշատակ երկրաշարժի կամ միջնադարյան պատերազմների արդյունք է, այլ` 1992 թ․ ամռանն ադրբեջանական տանկի արկակոծման հետևանք։ 
• 1992 թ․ մայիսի 10-ին՝ Շուշիի ռազմագործողությունից ընդամենը մեկ օր անց, Ադրբեջանը ռազմաճակատի կենտրոնական ուղղությամբ անցավ կատաղի հարձակման՝ գրավելով Ասկերան շրջկենտրոնից հարավ ընկած Նախիջևանիկ, Փիրջամալ (Վարդաձոր), Արանզամին (Վարազաբուն), Աղբուլաղ (Սառնաղբյուր) և Դահրազ գյուղերը, որոնց ընդամենը մեկ ցածրիկ լեռնապար է բաժանում Ստեփանակերտից («Զիրավուր ծառին պոստերը»)։ 
• 1992 թ․ մայիսից մինչև սեպտեմբեր նախկին Աղդամի շրջանի Աբդալ և Գյուլաբլու գյուղերի (ներկայումս՝ Վազգենաշեն) ազատագրումը, մերոնք խրամատավորված էին այս բնագծերում, այդ թվում՝ հենց ամրոցի ներսում, որտեղ մինչ օրս պահպանվում են խրամատների հետքերն ու այն ժամանակվա ցինկի արկղերի մնացորդները։

Այս դիրքերը պահող շուրջ 30-40 մարտիկներին ԻՊՈՒ հրամանատարության՝ Արկադի Տեր-Թադևոսյանի կողմից, հրահանգավորված էր ոչ մի քայլ չնահանջել, մնալ խրամատներում և դիմադրել մինչև մահ։ Պատճառը շատ պարզ էր․ հիշատակածս լեռնապարի անկումից հետո ադրբեջանական զինտեխնիկան և կենդանի ուժն առավելագույնը 40 րոպեում մտնելու էին Ստեփանակերտ, և սկսվելու էր Հայաստանի պատմության մայրամուտը…

• Երբեմն մտածում եմ, որ մեր՝ պատմագետ-հրապարակախոսներիս մեղավորությունն է, որ շատ ենք ծանրանում պատերազմական հաղթանակների, հատկապես՝ 1993 թ․ գարուն-ամառ հաղթարշավի վրա՝ անտեսելով 1992 թ․ ամառ-աշուն և 1993-1994 թթ․ ձմռան ամիսների այն օրհասը, որի ժամանակ միայն ու միայն ուժերի գերլարումով ու զոհաբերական հատուկ ճիգով ենք կարողացել հաղթած դուրս գալ։

ՀԳ․ Կից տեղադրում եմ այս ամրոցի կոորդինատները։ Բացե՛ք, փոքրացրե՛ք մասշտաբը և վիզուալ պատկերացում կազմեք վտանգի չափի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել