Փորձագետը, հատկապես քաղաքագետը, մեկ հիմքով պետք է ուղղորդվի։ Դա օբյեկտիվ փաստարկված դատողությունն է, կենցաղային ասած՝ նույն ինքը՝ «լավին՝ լավ, վատին՝ վատ» սկզբունքը: Ու այդպես նա պետք է ուղղորդվի նաև, եթե քաղաքական խորհրդատվությամբ է զբաղվում: Մասնագիտական «ոչ անկեղծությունն» այս հարցում սովորաբար ձախողման առաջին նախապայմանն է:

Սակայն հանրային հարթակներում իրավիճակը մի փոքր այլ է: Այստեղ ամենասուր հարցադրումը յուրային-ոչ յուրային պիտակավորումն է, որը դրսևորվում է ճամբարայնությամբ, սրա-նրա թիմը ներկայացնելու կեղծ/իրական պիտակավորման հանգամանքով:

Դիցուք՝ «նորերի» սխալների վերաբերյալ դիտարկումը քեզ պիտակավորում է որպես ընդդիմադիր, կենցաղային ընկալմամբ՝ «քոչարյանական», «սերժական», չգիտեմ էլ ինչ... Էդ քննադատողական դատողությունից հետո «նորերի» ինչ-որ արդյունավետ քայլի վերաբերյալ դրական կարծիքը նույն արագությամբ հակառակ ճամբարի կողմից քեզ «պիտակավորում» է որպես «նիկոլական, դավաճան, ճամբարափոխ, ծախու ու նման մի բան»: Դրանից հետո «նորերի» վերաբերյալ քննադատողական տեքստերը քեզ էլի դասակարգում են «հեղափոխության թշնամիների» ցանկում մի պատվավոր տեղ: Հավանաբար նույն կերպ է նաև լիբերալների, պահպանողականների ու ազգայնականնների դիրքերից գնահատականների պարագայում:

Հիմա այս «պիտակավորված» վերլուծաբանների-քաղաքագետների մեջ պիտակավորվում է նաև իրականությունը: Ու բոլոր կողմերի համար: Ու դա շատ վատ է, քանի որ այս ամենի մեջ կորում են ադեկվատ դիտարկումները, դիսկուրս ասածը: Յուրային-ոչ յուրայինների «բազարներում» բազմակողմ կեղծ օրակարգերն են վակուումը լցնում, որի արդյունքում լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս, հները չեն լուծվում: 

Ասածս ի՞նչ է․ ավելի ուշադիր եղեք ամենատարբեր «ճամբարների» ոլորտի մասնագետների դիտարկումներին. դրանց մի զգալի մասն օբյեկտիվ է, փաստարկված ու թիրախային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել