Ասում են, որ եթե ամեն մարդ իր գործով զբաղվի, ապա ամեն բան իր տեղը կընկնի։ Սա առաջին հերթին վերաբերում է մասնագիտական պատվի եւ պատասխանատվության զգացումին, ինչն այսօր չի կարեւորվում։ Բայց ժամանակ կար, երբ համքարությունները դաժանաբար պատժում էին այն արհեստակցին, ով կարատավորեր վարպետի եւ ընդհանուր առմամբ՝ մասնագիտության անունը։ Օրինակ՝ երբ մի հացթուխ վատորակ հաց էր թխում, արհեստակիցները կապում էին նրա ձեռքերը, վրան ալյուր ու ձու քսում, 3 օր քարշ տալիս քաղաքի փողոցներով ու վերջում զրկում էին վարպետի կոչումից, քանի որ անբարեխիղճ հացթուխը արատավորել էր մասնագիտության պատիվը։ Այսօր պրոֆեսիոնալ պատասխանատվության խնդիր չկա. կա միայն փող աշխատելու հարց։ Մարդիկ ավելի շատ մտածում են աշխատավարձի, հարկայինի հետ լեզու գտնելու եւ փող աշխատելու, քան պատվի ու պատասխատվության մասին։ Ժամանակին բոլոր մասնագիտություններն ունեին վարպետության աստիճաններ՝ կոչումներ, որոնք ցույց էին տալիս մասնագետի որակավորման կարգը, ընդգծում նրա վաստակն այդ գործում։ Նույնիսկ այն, որ մարդը կոչվում էր որմնադիր, դերձակ, բանասեր կամ զինվոր, այդ արդեն նշանակում էր, որ նա կրում է մասնագիտության անունը եւ պարտավոր է բարձր պահել, քանի որ այն իրենից առաջ կրել են մեծերը։ Դեռ աշակերտի սեղանից մասնագիտական կոչումները հարգանք եւ միաժամանակ պատասխանատվություն էին ներշնչում գործի ու մասնագիտության նկատմամբ։ Այսօր այդ ամենի հուշն անգամ չկա։ Մասնագիտական կոչումները վերածվել են պայմանական անունների եւ գնահատվում են միայն աշխատավարձի կամ եկամուտի չափով։ Կոչումները չեն ենթադրում հարգանք ու պատասխանատվություն։ Կոչման պատիվը բարձր պահելու, կոչմանը հավատարիմ լինելու մասին խոսքն անգամ լուրջ չի ընդունվում, երբեմն արժանանում ծիծաղի: Այդ արժեքները համարվում են դարն ապրած, եւ պարապ տեղն այսօր զբաղեցնում են վիրտուալ կոչումներն ու հեղինակությունները։ Մինչդեռ, հիշենք, որ աշխարհը ձեւավորվել է գաղափարներն առարկայացնելով, ու եթե իրերն ու երեւույթները վերլուծենք, ապա կհասնենք ճանաչողության մի աստիճանի, որտեղից պարզ է դառնում, որ մեզանում ինչ-որ բան այնպես չէ, եւ ինչ-որ բան իր տեղում չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել