Armtimes.com-ը գրում է.

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Արմենիա» ԲԿ-ից փախուստի փորձ կատարած հայտնի «բանդայի» գործով դատապարտյալ Դավիթ Գալստյանի գործով դատական նիստը:

Դեպքը տեղի էր ունեցել 2017 թվականի հոկտեմբերին. Դավիթ Գալստյանը զենքի գործադրմամբ ընկերոջ հետ փորձել էր փախուստի դիմել հիվանդանոցից, ինչը, սակայն, կանխվել էր ՔԿՀ աշխատկիցների շնորհիվ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ  Գալստյանին եւ ընկերոջը՝ Վլադիմիր Մինասյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գալստյանը, հանդիսանալով ՀՀ ԱՆ Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ, հետազոտության նպատակով տեղափոխված լինելով Արմենիա ԲԿ, իր մտերիմ Վ. Մինասյանի օժանդակությամբ, զենքի գործադրմամբ փորձել է փախուստի դիմել ազատազրկման վայրից` հիշյալ բժշկական կենտրոնից: Ըստ այդմ՝ գտնվելով հիվանդասենյակում, հափշտակել է իր պահպանությունն իրականացնող Հ. Շախպազյանին ամրակցված ատրճանակը, զենքի գործադրմամբ երկու և ավելի անձանց` Ա. Մարուքյանին, Ա. Աշոտյանին, Հ. Շախպազյանին սպանելու դիտավորությամբ, հափշտակած ատրճանակից կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Այսօր դատարանում հետազոտվեցին գոծում առկա ապացույցները: Մասնավորապես, մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հրապարակեց դեպքի վայրի զննության արձանագրությունը: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտանբերել էին խլացուցիչ, պահունակ՝ լիցքավորված փամփուշտներով, կրակած պարկուճներ, կռփազենք, արնանման հետքեր:

Դեպքի վայրի զննության ժամանակ սույն գործով տուժող, ՔՀԿ աշխատակից Արթուր Մարուքյանը քննիչներին հայտնել է, որ դեպքի օրը, ինքը Հարություն Շախպազյանը, Աշոտ Աշոտյանը հիվանդասենյակում են եղել, երբ հիվանդասենյակ է մտել դատապարտյալ Դավիթ Գալստյանին  դիմավորած մի երիտասարդ: Նա պատմել է, որ երիտասարդի ձեռքին եղել է մեծ պայուսակ. «Իմ հարցադրմանը, թե ինչո՞ւ է պայուսակը այդքան մեծ, ի՞նչ կա պայուսակում, երիտասարդը, ըստ էության, դա որպես կասկածանք ընդունելով՝ վազել է ինձ ընդառաջ, ընթացքում բացելով պայուսակը եւ այնտեղից հանելով ինքնաձիգի փողը»,- պատմել է տուժողը՝ հավելելով, որ իրեն հաջողվել է ինքնաձիգի փողը ներքեւ իջեցնել, որպեսզի իրենց չսպանի: Այնուամենայնիվ, Գալստյանի մտերիմին հաջողվել է ինքնաձիգից մեկ կրակոց արձակել դեպի ներքեւ:

Գործով մյուս տուժող Հարություն Շախպազյանն էլ հայտարարել է, որ այդ ընթացքում, երբ փորձել է այդ երիտասադրին վնասազերծել, նա գրպանից հանել է կռփազենքը եւ հարվածել Աշոտ Մարուքյանի դեմքին: Նույն պահին նկատել է, թե ինչպես դատապարտյալ Դավիթ Գալստյանը քաշելով պոկել իր գոտկատեղին ամրակցված տաբելային «Մակարով» տեսակի ատրճանակը: Այդ նույն ընթացքում Գալստյանի մտերիմը հարձակվել եւ հարվածել է ՔԿՀ աշխատակց Աշոտ Աշոտյանի դեմքին:

Շախպազյանը պատմել է, որ փորձել է վնասազերծել Դավիթ Գալստյանին եւ իրար քաշքշելով՝ հասել են դեպի հիվանդասենյակի մուտքի դուռը: Հենց այդտեղ էլ Գալստյանը կարողացել է լիցքավորել ատրճանակը եւ իրենց ուղղությամբ պահելով՝ փորձել կրակել, սակայն տուժողը հասցրել է բռնել ատրճանակից եւ այն ներքեւ իջեցրել, ինչի ժամանակ էլ կրակոց է հնչել:

Մի քանի վայրկյան տեւած քաշքուկի ընթացքում փորձել է զենքը խլել, սակայն Դավիթ Գալստյանը կարողացել է եւս երկու կրակոց արձակել, որոնք  բոլորն էլ դեպի ներքեւ են եղել, քանի որ ինքը ձեռքով ատրճանակը ներքեւ է իջեցրել: «Այդ ընթացքում Գալստյանը գոռգոռացել է՝ թողեք, պիտի խփեմ, կրակեմ եւ նմանատիպ հայտարարություն է արել»,- պատմել է Շախպազյանը:

Վերջինս նշել է, որ Աշոտ Աշոտյանը (մյուս տուժող) օգնության է հասել այն պահին, երբ ինքը Դավիթ Գալստյանի ձեռքին եղած ատրճանակից դուրս է բերել պահունակը, իսկ վեջինս հասկանալով, որ պահունակը հանված է, ատրճանակը գցել է գետնին եւ փորձել փախչել, Դավիթ Գալստյանին հաջողվել է փախչել դեպի հիվանդանոցի առաջին հարկ, տուժողներին ու հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է բռնել նրան: «Բերելով հիվանդասենյակ՝ Դավիթ Գալստյանին ձեռնաշղթա ենք հագցրել, իսկ մեզ վրա հարձակվող անձի ձեռքերը կապել ենք իմ գոտիով»,- պատմել է Հարություն Շախպազյանը:

Նշենք, որ այս գործով նիստերից մեկի ժամանակ Դավիթ Գալստյանը ինքնավնասում էր կատարել

Հիշեցնենք, որ նա բանդայի գործով 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով 2011 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ավազակային հարձակումներ կատարելու համար: Հարձակումների թիրախ էին դարձել խմբի կողմից առանձնացված, ունեւոր համարված մարդիկ՝ Ատոմ Ղազազյանը, Էդուարդ Բեզոյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը: Հարձակումներն իրականացվել էին վերջիններիս առանձնատների վրա: Դավիթ Գալստյանը նախկինում նաեւ ինքնասպանության փորձ է կատարել հենց դատարանի դահլիճում:

Այսօրվա նիստը հետաձգվեց. այն կշարունակվի փետրվարի 25-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել