Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհռչակվի: Այս մասին, ինչպես գրում է TACC-ը, Մակրոնը հայտարարել է երեքշաբթի՝ փետրվարի 5-ին, Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:

Նախագահի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, «որը 2001 թվականին երկարատև պայքարից հետո այդպիսին է ճանաչվել արդեն օրենքով»:

«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է, և քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը»,- նշել է Մակրոնը:

«Այժմ միայն մեկ պետության ղեկավար՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու մեր արժեքները տվյալ համատեքստում»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիայի «նախագահ Էրդողանը դեռ ամբողջ թուրք ժողովուրդը չէ»: Մակրոնը նաև խոստացել է շարունակել երկխոսությունը՝ պատմական փաստերը լսելի դարձնելու համար. «Ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ամբողջական պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է»:

Նշենք, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մտադրության մասին Էմանուել Մակրոնը հայտնել է դեռ ամիսներ առաջ, երբ կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման և Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել