Ինչ-որ մի պահի Արցախի գոյություն չունեցող հարցը հանրաքվեի դնելն Անին երկրորդ անգամ հանձնելու պես ուղղակի ավելի սարսափելի և անդառնալի հետևանքներով մի բան է լինելու:

Բրիտանացիները 1975թ․-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ քվեարկեցին Եվրոպական միությանն անդամակցելու օգտին, 2016թ.-ին՝ Բրեքզիթի՝ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունից դուրս գալու օգտին: Ընդամենը երկու և կես տարի անց բրիտանացիների տրամադրությունները դարձյալ փոխվել են, և դուրս գալու օգտին քվեարկածների գերակշիռ մեծամասնությունը հիմա դեմ է իրենց իսկ վերջին քվեարկության արդյունքներին և նոր հանրաքվե է պահանջում նախորդ որոշումը չեղարկելու համար: Երկիրը խորը քաղաքական ճգնաժամում է, որ տնտեսության համար տեսականորեն կարող է և կործանարար լինել:

Հանրաքվեները բացարձակ արժեք չեն: Եվ այսօրվա սերունդը, այսօրվա հասարակությունը որևէ դեպքում իրավունք չունեն վաղվա սերնդի, վաղվա հասարակության և, ընդհանրապես, ազգային պատմության նման որոշումներ ընդունել քվեարկություններով: Կան հարցեր, որոնք որոշելու կարիք չկա: Որևէ մեկն Իսրայելում հանրաքվեի չի դնի, ասենք, Երուսաղեմի հանձնման հարցը: Արցախի և այսպես կոչված ազատագրված տարածքների մեկ մետրը կամ, ինչպես ոմանք են սիրում ասել, «մի թիզ հողն» անգամ Հայաստանի Երուսաղեմն է, առանց որի Հայաստան այլևս չի լինի: Սա պետք էր հասկանալ, ամրագրել և անցնել առաջ: Սեփական պատմական և ազատագրված հողերի շուրջ երբեք ոչ ոք ոչ մի պարագայում չի բանակցում: Աշխարհում նման նախադեպեր չկան: Եվ քանի դեռ Մադրիդյան սկզբունքները կենդանի են ու սեղանին, հենց այդ հարցն է բանակցվում: Չի կարելի հղումներ կատարել հանրաքվեին կամ ժողովրդի որոշմանը: Դա վատագույն սցենարներից է, որ կարելի է պատկերացնել:

Արցախի հարցով իր լավագույն որոշումը նոր իշխանությունն այդպես էլ չընդունեց: Եվ հիմա կարծես թե ինքն իրեն կամովին շնաձկներով լիքը ջրեր է նետում, զուգահեռաբար հնարավորություն տալիս ամենատարբեր ուժերի իր վրա հսկայական ճնշումներ բանեցնել: Հենց այդ հնարավորությունն էր, որ անհրաժեշտ էր հենց ի սկզբանե կանխել: Այս վտանգավոր իրավիճակում առկա ինքնավստահությունն ավելի է վտանգավոր դարձնում վիճակը: Լավագույն վարքագիծը արցախյան խնդրի նոր ու հստակ գաղափարախոսության բացակայության պայմաններում կլիներ գոնե լռելը և ոչինչ չանելը, հանդիպումներից խուսափելը և խնդրի ընթացքը նախ մասնագիտական լայն շրջանակների հետ թեկուզև փակ ռեժիմով քննարկելը:

Անհրաժեշտ է ծայրահեղ զգուշավորություն դրսևորել և վերանայել ընթացիկ մոտեցումները: Սրանք վտանգավոր իրավիճակ կարող են ստեղծել, եթե արդեն չեն ստեղծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել