Համաշխարհային դեմոկրատիայի թշվառ պերճանքը՝ նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության: Թվում է շատ բարի նպատակ, իսկ իրականում ժողովուրդներն այստեղ ոչխարի հոտ են, որոնք ոչ թե պետք է նախապես որոշեն իրենց ճակատագիրը, իրենց դիրքորոշումը խաղաղության (և ցանկացած այլ խնդրի) վերաբերյալ, այլ «իմաստուն» առաջնորդների կողմից և միջազգային հանրության բարձր հովանո ներքո նախապատրաստվեն, խելքի բերվեն, կրթվեն: 

Այս սխեմայի մեջ, որը միայն անվանապես է ընդունում ժողովուրդների ինքնիշխանությունը, ժողովուրդներն իրականում անբան զանգվածներ են, բարի վայրենիներ, որոնք իրենք իրենցով չեն հասկանում ո՛չ իրենց շահը, ոչ էլ իրենց ուզածը: Դրա համար էլ պետք է «սպիտակ ձյաձյաները» նրանց նախապատրաստեն, բացատրեն, թե ո՛րն է իրականում իրենց լավը: 

Ժողովրդի իրական իշխանության դեպքում ոչ թե ժողովորդը պոստֆակտում նախապատրաստվում է ինչ-որ որոշում մարսելու, այլ ինքն է որոշում և պատվիրում:

Ես շարունակում եմ վստահ լինել, որ Նիկոլի կառավարությունը չի պատրաստվում որևէ անզգույշ քայլի գնալ Ղարաբաղյան կարգավորման խնդրում, բայց համենայն դեպս հիշեցնում եմ, որ ժողովուրդը, որն ընտրել է այդ կառավարությանը, չի տվել նրան որևէ մանդատ, որևէ լիազորություն այս հարցում ո՛չ ապրիլյան օրերին, ոչ էլ դեկտեմբերին: 

Իհարկե, նման դեպքերում կեղծ դեմոկրատիայի քրմերն ասում են, թե բա՝ եթե ընտրել է, ուրեմն՝ ավտոմատ էլ մանդատ է տվել: Սա պարզամիտ մանկական խորամանկություն է: 

Ապրիլին ժողովուրդը տվել է միայն իշխանափոխության և երկրում արդարություն հաստատելու մանդատ: Դեկտեմբերին նույնպես ոչ ոք չի քվեարկել այլ բանի համար, քան ներկայացվել է «Իմ քայլի» ծրագրով և քարոզչությամբ:

Այնպես որ, ոչ թե ժողովուրդները պետք է նախապատրաստվեն ինչ-որ բանի, այլ էլիտաները՝ տեղական, թե համաշխարհային, պետք է նախապատրաստվեն հայ ժողովրդի պատվերները կատարելուն: Ու սա վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան հարցին: 80 տոկոս ձայն ստացած ուժի ներկայացուցիչները հատկապես իրավունք չունեն լինելու պարզապես ևս մեկ քաղաքական հոսանք, ևս մեկ կուսակցություն, այլ կարող են և պարտավոր են ներկայացնել բացառապես մեծամասնության, բայց ոչ երբեք իրենք իրենց շահերը, տեսակետներն ու դիրքորոշումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել