Ուղղակի շշմում ես, երբ տեսնում ես՝ 7 միլիոնանոց սփյուռք ունեցող, ռասիզմի ու կրոնական հողի վրա 1.5 միլիոն կոտորած տեսած ազգը ստորագրություն է հավաքում ընդդեմ հնդիկ էմիգրանտների ու տեքստում խոսում դեմոգրաֆիկ խնդիրներից... 96% միատարր բնակչություն ունեցող ազգը խոսում է դեմոգրաֆիկ վտանգից։

Սա չես կարող բացատրել՝ ինչ է, հասկանո՞ւմ եք, տեքստում շեշտվում է հատկապես նրանց մուսուլման լինելը։ Էդ տեքստ գրողը մի պահ չի նայում՝ մեր հարավային ամենամուսուլմանացված երկրում, որտեղ իսլամը պետական կրոն է հռչակված, ինչ լավ են վերաբերվում հայերին, այսքան տարի ինչքան հնարավորություն են տվել, ինչպիսի համակեցության պայմաններ են ստեղծվել։ Չե՞ք ամաչում, ինչի՞ց եք վախենում։ Պատմության դասագիրք որ կարդայիք, կհասկանայիք, որ Հնդկաստանը երբեք գոնե մի անգամ աշխարհակալական գաղափարներ ու նկրտումներ չի ունեցել։ Ումի՞ց եք վախենում, ձեր դատարկ էությունի՞ց։ Խոսում եք էժան աշխատուժի մասին, իբր մեր աշխատողները մնում են դրսում։

Դուք գիտե՞ք՝ էժան աշխատուժ չգտնելու պատճառով ինչքան է տուժում մեր տնտեսությունը, հատկապես գյուղատնտեսությունը։ Դուք գիտե՞ք՝ ինչի չի լինում շատացնել տավարի ու ոչխարի գլխաքանակը, որի շնորհիվ գին կիջնի։ Չի լինում մեկ շատ մեծ պատճառով՝ ՀՀ-ում չեն կարողանում ճարել ՀՈՎԻՎ, չկա ուղղակի։ Չեք հավատում, հարցրեք ցանկացած ֆերմերի։ Հազար անգամ ասել եմ, ի՞նչ վնաս են տվել, օգուտից բացի, այլազգի ՀՀ քաղաքացիները մեր երկրին՝ եզդիները, մոլոկանները, քրդերը, ռուսները, ասորիները։ Ի՞նչ վնաս, եթե ոչ օգուտ։

Ջհանգիր աղա ենք ունեցել, Քյարամ Սլոյան։ Ի՞նչ գիտեք, որ հնդիկ ՀՀ քաղաքացին վաղը-մյուս օր Ջհանգիր աղայի կամ Սլոյանի ու էլի նման տղերքի պես մեր սահմանը չի պահի։ Էդ ստորագրություն հավաքողներդ մի պահ պատկերացրեք, որ նույն ակցիան սկսեն եվրոպացիները, ամերիկացիներն ու ռուսները մեր 7 միլիոնի դեմ, ի՞նչ կզգաք։ Հա՜, մարդիկ էլ կան՝ ասում են՝ էդ մենք ենք Եվրոպային էնքան տալիս, որ պիտի երախտապարտ լինեն։

Ասեմ՝ ամբողջ աշխարհում հայտնի հայ 1915-ից սկսած Արշիլ Գորկիով, Շառլ Ազնավուրով, էն դոլարի կանաչ գույնը հորինողով վերջացրած մաքսիմում կհաշվեք 500 հոգի, սա մաքսիմում թիվն է։ Ու մնացած 6 999 500 հայերի մեջ կգտնես բազմաթիվ խանութներից գողություն անողների, հիդրոպոնիկ կանեփ աճացնող-իրացնողների, հանցագործների ու բազմաթիվ այլ տարրերի։ Մի՛ դարձեք էն, ինչի մեջ 104 տարի մեղադրում եք ձեր հարևան երկրներին, մի՛ արեք այդպես, ցույց մի՛ տվեք ձեր ամենավատ կողմերն աշխարհին, որը գրկաբաց ընդունել է ձեր որդիներին։ Տո հենց նույն Հնդկաստանը։ Գոնե հիշեք Կալկաթայի համայնքին ու այնտեղի հարստությունը, որի քանակը հաստատ ներգաղթած հնդիկներից շատ է։ Ի վերջո, բնակչության ավելացումից մեծանում է երկրում ապրանքի սպառումը, հետևաբար՝ նաև արտադրությունը։ Իսկ էժան աշխատուժը բերում է ապրանքի գնի էժանացման, նաև մրցունակության բարձրացման։ Ամոթ է...

ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒՑ ՀԻՇԵ՛Ք՝ ԵՐԵՎԻ ՉԳՏՆԵՔ ՀՀ-ՈՒՄ ԳՈՆԵ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ, ՈՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԳՈՆԵ ՄԵԿ ԲԱՐԵԿԱՄ ՉՈՒՆԵՆԱ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել