Քանի դեռ չի կարգավորվել Երևանի քաղաքային տրանսպորտը, մարդիկ ձգտելու են ամեն գնով Հայաստան ներկրել թեկուզ հնամաշ ու շատ էժան ավտոմեքենա, որպեսզի լուծեն իրենց ընտանիքի նորմալ տեղաշարժի հարցերը: Այս վիճակը հանգեցնում է խոշոր խցանումների ու դժգոհությունների ճանապարհային ոստիկանության աշխատանքից: Երեկ՝ 17:00-ի սահմաններում, Շրջանայինում մեծ խցանում էր, պատճառը մեքենաներից մեկի՝ շարքից դուրս գալն էր: Հին, սովետական ավտո էր, դրա պատճառով առաջացած բարդությունը հազիվ կարգավորվեց կես ժամ հետո, այստեղից էլ գալիս է մյուս հարցը՝ ե՞րբ են շրջանառությունից հանվելու հին մեքենաները, որոնց տեսքին նայում ես ու հասկանում, որ նրանց շահագործումն անգամ վտանգում է ոչ միայն եթևեկության բնականոն ընթացքին, այլև վտանգված են մարդկային կյանքեր:

Ճանապարհային երթևեկության մյուս խոչընդոտը ԱՊՊԱ-ներն են ու դրանց ուշ արձագանքող ապահովագրական ընկերությունները: Այստեղ կարելի է ավելացնել նաև շատ թեթև վթարների դեպքում խիստ անհարմար վայրերում վարորդների կանգնելն ու երկար ժամանակ մեքենա չտեղաշարժելը:

Մյուս խնդիրն էլ այն է, որ մարդիկ պետք է տուգանվեն վատ երթևեկելու համար, պետք է վերահսկել կամ տեսախցիկների թիվն ավելացնելով, կամ տարեկան գոնե 5 տոկոսով ՃՈ շարժակազմեր ավելացնելով, այլ ելք չեմ տեսնում: 

Ասելիքս այն է, որ երբ քննադատվում է մի գերատեսչություն, ապա բարի լինենք խոսել նաև մյուսների աշխատանքից, ամեն բան փոխկապակցված է: Չի կարող լինել անգործություն, օրինակ, Մաքսային կամ ՏԻՄ մակարդակներում, ու դա ազդեցություն չունենա մյուս ոլորտների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել