Պնդումը, որ սփյուռքը ժամանակվոր երևույթ է, այնքան էլ ճիշտ չէ: Այդ ժամանակավոր երևույթը հայության կյանքում հազարամյակների պատմություն ունի, ինչը բավականին երկար ժամանակ է ժամանակավոր չկոչվելու համար: Ճիշտ է, հիմա չկա, ասենք, լեհահայոց ստվար համայքը, բայց կա, օրինակ, լոսահայոցը: Հայոց պատմությունը միայն Հայաստանում գրված պատմությունը չէ, այլ նաև սփյուռքում գրված պատմությունը, որն այս կամ այն չափով անդրադառնում է կամ անդրադարձել է Հայաստանի պատմության վրա: Սփյուռքահայության ստեղծած Կիլիկիա պետությունը մեր պատմության նշանակալի էջերից է: Հայոց գաղթօջախները ձևավորվել են թե՛ Հայաստանի կախվածության և թե՛ անկախության ժամանակներում: Ամենամեծ ներգաղթը դեպի Հայաստան եղել է, երբ Հայաստանն անկախ չէր: Ամենամեծ արտագաղթը Հայաստանից եղել է ներկայիս անկախության պայմաններում: Արտաքուստ այդ պատճառները սոցիալ-տնտեսական են թվում, բայց միայն դա չէ: 

Ներկա պայմաններում պետք են նոր մոտեցումներ: Նախ՝ ինչքան շուտ շրջանառությունից հանվի «Հայաստան -Արցախ -Սփյուռք» իբր միացնող, բայց իրականում տարանջատող տափակ կարգախոսը, այդքան լավ: Աշխարհում կան Հայաստաններ, հայություն և ՀՀ կոչվող տարածք, որը միջազգային իրավունքի սուբյեկտ է: Ամեն հայկական համայնք ստեղծել է և կարող է ստեղծել իր միկրո Հայաստանը, որՆ ամփոփվել է և կարող է ամփոփվել ակումբի, դպրոցի, եկեղեցու, թաղի, գյուղի, քաղաքի կամ երկրամասի սահմաններում: Հայաստանից դուրս հայոց ինքնության պահպանման հիմնական բաղադրիչը՝ լեզուն՝ իր երկու գրական դրսևումներով, պետք է դառնա ուշադրության թիվ մեկ առարկան։ Բացի սփյուռքի տեղական մարմիներից՝ սա պետք է խնդիր լինի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՀՀ պատկան մարմինների համար: ՀՀ տարածքը պետք է դիտել հայկականության հիմնական, բայց ոչ միակ «լիցքավորման» գոտի:

«Սփյուռքի նախարարությունը», որը մոդիֆիկացված տարբերակն է սովետական Հայաստանում, գոյություն ունեցած սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նոր պայմաններում անարդյունավետ կառույց է և պետք է լուծարվի: Աշխարհահայության հետ աշխատանքները կարելի է տանել ՀՀ նախարարությունների համապատասխան բաժիների միջոցով, որոնց մեծ մասը դեռ նոր պետք է ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել