Հարգելի հայրենակիցներ,
Հասկանալի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ինտրիգային է դառնում նախընտրական մթնոլորտը:

Այսօր ԱԺ-ն չընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսին պարտադիր անվտանգության միջոցներով ապահովելու մասին օրինագիծը, դրան անմիջապես հաջորդեց մեղավորների փնտրտուքը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագծին քվեարկեց ձեռնպահ, քանի որ այն լուծում էր ոչ թե Հայ առաքելական սուրբ եկեղեցու համակարգային և լիակատար անձեռնմխելիության, այլ զուտ կաթողիկոսի անհատական կարգավիճակից բխող խնդիր։ Նախագծով, փաստորեն, տրվում էր ոչ թե ինստիտուցիոնալ-համակարգային, այլ զուտ անհատական լուծում։

Մինչ այդ «Բարգավաճ Հայաստանը» կողմ քվեարկեց վիճահարույց նախագծին նախորդած մեկ այլ օրինագծի, որով նախատեսվում էր չեզոքացնել եկեղեցու անվտանգությանն սպառնացող վտանգները, բայց նախագիծը չընդունվեց հիմնականում «Հանրապետական» խմբակցության պատգամավորների բացակայության պատճառով։

«Բարգավաճ Հայաստանը» միշտ էլ կարևորել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի գոյապահպանման գործում և միշտ էլ արտահայտվել և գործել է այն իրական և հավանական սպառնալիքների դեմ, որոնք միտված են եղել առաքելական եկեղեցու հիմքերի թուլացմանը։ 

Կարծես թե նշմարվում են ինքնապաշտպանական բնազդի դրսևորման առաջին ծիծեռնակները․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել