Առանց մի գրամ սարկազմի...

Վերջին տարվա մեջ ՀՀ-ում տեղի ունեցողը լավագույն տեստ է հայ ժողովրդի համար ճանաչելու ինքն իրեն, հստակեցնելու իր իրական արժեքներն ու նպատակները, ցույց տալու իր ներուժն ու իմունիտետը, որ կարող է նրան ինչպես իրավունք տալ մնալ որպես ազգ, այնպես էլ «օգնել» վերանալ աշխարհի երեսից:

Տեստերը, որ անց են կացվում, նպատակն ունեն սահմանել մեր գոյության իրավունքի սահմանները: Իրավունքը վաստակելով է ձեռք բերվում և ոչ նվիրատվությամբ: Կարևոր բաները երբեք չեն նվիրում: Ու քանի դեռ մենք՝ որպես հավաքական ԵՍ, չենք գիտակցել ի՞նչ ունենք, նման տեստերը օդի պես անհրաժեշտ են մեզ:

Կարևոր է, որ մենք իրո՛ք հասկանանք ընտանիքի իրական կարևորությունը, հասկանանք ի՞նչ է պետությունը, հասկանանք, թե Արցախը իրապես ի՞նչ է մեզ համար, պատասխանատվություն ո՞րն է, ինչու՞ է պետք կրթություն ստանալ, ի՞նչ է պետության ու քաղաքացու շահը, ինչու՞ է պետք պահանջատեր լինել:

Այս տեստեր անցնելը հիմնավորելու է մեր գոյության իրավունքի փաստարկվածությունը: Ուրվագծելու է մեր ռեսուրսի ու կամքի սահմանաչափը, մեր ԵՍ-ի հավակնոտությունը և տալու է ամենագլխավոր հարցի պատասխանը. «Ով ենք մենք: Հաղթող ազգ, թե՝ ոչնչացող ժողովուրդ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել