Իրականում կադրային նշանակումները երկրորդական, երրորդական, չորրորդական թեմա են: Հակառակ Ստալինի ասածի՝ կադրերը ոչ միայն ամեն ինչ չեն որոշում, այլև չեն որոշում ոչինչ, այսինքն՝ որոշում են միայն երկրորդական, երրորդական, չորրորդական բաներ, որոնք գուցե կարևոր են, բայց ոչ ամենակարևորն ու վճռականը:

Վճռորոշ է ոչ թե կադրերի, այլ առանջորդման հարցը: 

Առաջնորդում ասելով ոչ թե անձնավորված նկատի ունեմ, այլ ընդհանուր: Առաջնորդումը դեպի ուր, ինչ հիմնական ուղիով, ինչ տեմպերով ու ինչ մարտավարությամբ առաջ տանելն է, այսինքն՝ առաջնորդող գաղափարի, առաջնորդող սկզբունքի, առաջնորդող հեռանկարի, առաջնորդող ուղենիշների հարց է: Եթե դա կա, ապա ի՞նչ կազմով առաջ գնալն ամենաէականը չէ:

Ով կլինի նախարար, մարզպետ, եսիմ ինչ, ներեք ինձ, բայց կասեմ՝ «տռֆս» հարց է: Նախարարն ընդամենը կատարող է: Կարա լավ կամ վատ կատարի, բայց կարևորը՝ կատարելու բան լինի: Ինքնին նախարարը ոչ մի բան է: Էն հին ժամանկվա Բագրատունյաց տան նախարարը չէ էլի, ընդամենը ծառայողական բարձրագույն պաշտոնն է:

Մարդկանց բանկայում հնարավոր չէ աճեցնել, ոչ էլ Լուսնից ներմուծել: Մարդն արտադրվում է դեռ հին, պապենական եղանակներով՝ դանդաղ, ծախսատար ու ոչ արդյունավետ արտադրությամբ: Պիտի ընտրես նրանից, ինչ ունես: Ու մեր մեջ ասած՝ էդքան էլ կարևոր չէ՝ ինչ ունես, կարևորը՝ գիտես, թե ինչ ես ուզում:

Գրվածը բացարձակ կապ չունի որևէ նշանակում արդարացնելու կամ դատապարտելու հետ: 
Գրածս կապ ունի ընդհանրապես նման թեմաների հանդեպ վերաբերմունքի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել