ԵՐԵՎԱՆ — ՀՀԿ պատգամավորների շրջանում անցկացրած սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ մեծամասնությունն իրականում միշտ էլ կողմ է եղել դեկտեմբերյան ընտրություններին։ Մի պատգամավոր անգամ նշեց, որ ինքն էլ է հեղափոխության ակունքներում կանգնած և հենց առաջին օրերից 2 բեռնատար դրական ֆլյուիդներ է ուղարկել ցուցարարներին։

Անանուն հարցմանը մասնակցած պատգամավորները ՀՀԿ խմբակցությունից խոստովանել են հետևյալը՝

1% ներկայանալ չցանկացող պատգամավոր ասել է, որ արտահերթ ընտրություններն առանց հերթ ընտրությունները չեն

9% սրտանց կողմ է արտահերթն անցկացնել դեկտեմբերին

10% աներկբա կողմ է արտահերթն անցկացնել դեկտեմբերին

16% «օտ դուշի» կողմ է արտահերթը անցկացնել դեկտեմբերին

24% էն գլխից էր ցանկանում արտահերթն անցկացնել դեկտեմբերին

33% դեռ հույս ունի, որ այս ամենը վատ երազ է, ու ցանկացած պահի նրանք կարող են արթնանալ

Իսկ 7%-ը պնդում է, որ չի կարելի ձգձգել ու արտահերթը պետք է անցկացնել նոյեմբերին։

Հարցված պատգամավորներից շատերը նշեցին, որ նախորդ շաբաթվա ընդվզումը արտահերթի դեմ ընդամենը ընկերական շուլուխ էր՝ «վաղաժամ ապրիլմեկյան բոց»։ Պատգամավորներից մեկն անգամ օգտագործեց «Նիկոլի ցավը տանեմ» եզրույթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել