Ժամանակավրեպ մտքեր

Իբր շատ մի գոհ էինք, որ, ըստ գործող օրենքի, ԱԺ-ում առնվազն 3 ուժ պետք է լինի, հիմա էլ, ըստ նոր նախագծի, 4- են դառնալու: Դե վերցրեք, միանգամից էդ 4-ին էլ նշանակեք, էլ ինչի՞ համար եք ընտրություններ անում: Ու սրան էլ գումարած «վարդագույն երազանքը»՝ միայն համամասնական համակարգ:

Ախր, ցավներդ տանեմ, մի քիչ էլ կարելի է սկզբունքներով մտածել: Առանց այդ էլ «դեմոկրատիա» բառը բավականին թույլ առնչություն ունի զուտ ներկայացուցչական սկզբունքի հետ, և այսպես թե այնպես վերածվում է մեծամասնությունից օտարացած ու/կամ միայն իրենք իրենց կամ դրսի ու ներսի ուժեղներին ներկայացնող կուսակցությունների օլիգարխիայի, իսկ մի հատ էլ, եթե այդ սկզբունքն ամրապնդվում է պարտադիր այնպիսի պայմաններով, ինչպիսին 4 ուժն է ԱԺ-ում, մաքուր համամասնական համակարգ, ապա ժողովորդի իշխանություն հռչակյալ սկզբունքից հեռավոր իսկ հետք չի մնում այդտեղ: Այլ դառնում է արդեն մաքուր կուսակցապետություն (կուսակցությունների, կուսակցական պորտաբույծների օլիգարխիա) և հասարակության բացարձակ օտարացում իշխանությունից և դրա կենտրոնացում կուսակցականացված փոքրամասնության ձեռքում:

Ես դեռ կարող եմ հասկանալ պարտադիր 2 ուժի սկզբունքը՝ հանուն հահակշռի, այլընտրանքի և այլնի, բայց պարտադիր 3, 4-ը, համեմված մաքուր համամասնակով գրեթե պետական հեղաշրջում է սահմանադրական հիմնարար սկզբունքի դեմ: 
Եվ բացի սկզբունքից: Այդպիսի քաղաքական համակարգով որևէ մեծ նպատակ դնել ու լուծելը դառնում է, եթե ոչ անհնարին, ապա չափազանց բարդ խնդիր՝ ամեն բան խորտակվում է մանր կուսկացական կոմպրոմիսային չարչիության մեջ: 
Քաղաքականության մեջ հնուց երկու հակադիր սկզբունքի խնդիր կա՝ մի կոմղից միասնության, մյուս կոմղից բազմազանության ու հավասարակշռության: Վտանգավոր է, ոչ միայն միասնության, այլև հակակշռման խախտումը: 
Իհարկե, այսօր, կասեք, գուցե ակտուալ չեն այս մտահագությունները, բայց օրենքը էսօրվա համար չի գրվում, այլ պետությունը տևականորեն կառավարելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել