Երևի ձեզնից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու են ծով թափվող գետերը քաղցրահամ, իսկ ծովը՝ աղի: Որտեղի՞ց այդ աղը: 
Բանն այն է, որ ջրային պաշարների պարբերաբար գոլորշացման և անձրևի տեսքով Երկրի վրա տեղումների արդյունքում այդ ջրերը ներթափանցում են Երկրի ընդերք, որտեղ խառնվում են տարատեսակ հանքային աղերի հետ, դրանք լվանում ու գետերի միջոցով դուրս բերում Երկրի մակերես, որտեղից էլ դրանք հայտնվում են ծովերում, իսկ այնուհետև՝ օվկիանոսներում: Ստացվում է, որ գետերի ջրերը ևս աղի են, բայց դրանց մեջ աղի քանակությունը ցածր է, այդ պատճառով էլ չենք զգում: Եթե եռացնեք գետի ջուրը, ապա դրա տակը սպիտակ նստվածք կհայտնվի: Հենց դա է աղը:
Արդեն միլիոնավոր տարիներ շարունակվող այս ջրապտույտի արդյունքում աղերը կուտակվում են ծովերի և օվկիանոսների մեջ, իսկ քաղցրահամ գոլորշին նորից բարձրանում է երկինք, թափվում Երկրի վրա, լվանում աղերն ու լցնում ջուրը:
Այս թեմայի շուրջ աշխարհի տարբեր մասերում հետաքրքիր լեգենդներ են հյուսվել: Օրինակ՝ ղրիմյան լեգենդի համաձայն՝ Սև ծովն աղի է այն պատճառով, որ Նեպտունի ցանցն ընկած աղջիկները ստիպված են դարերով ծովի հատակում նստած սպիտակ ժանյակներ գործել ծովի ալիքների համար և այդ ընթացքում անընդհատ լաց են լինում՝ հիշելով իրենց հայրենի եզերքը: Հենց նրանց արցունքներից էլ ծովի ջուրն աղի է դառնում:
Շատերը սխալմամբ կարծում են, թե ամենաաղի ծովը Մեռյալ ծովն է: Իրականում այդ ջրավազանը ոչ թե ծով է, այլ՝ լիճ: Աշխարհի ամենաաղի ծովը Կարմիր ծովն է: Դրա մեկ լիտր ջրում 41 գրամ աղ է պարունակվում: Ամենաքաղցրահամ ծովն Ազովի ծովն է:

Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել