Ռիբենտրոպը Նյուրնբերգում ասում էր․ «...Երբ ես 1939 թվականին ժամանեցի Մոսկվա մարշալ Ստալինի մոտ, նա հասկացրեց, որ եթե չստանա Լեհաստանի կեսը, Մերձբալթյան երկրները Լիբավա նավահանգստի հետ միասին, ապա ես կարող եմ թռչել ետ...»:
1939թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ և Գերմանիայի միջև կնքվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Կնքված պակտի ավելացված գաղտնի արձանագրության համաձայն ԽՍՀՄ-ը և Գերմանիան կատարում էին ազդեցության գոտիների բաժանում: ԽՍՀՄ-ի ազդեցոությանն էր անցնում Արևելյան Լեհաստանը, Մերձբալթյան տարածաշրջանը, Ֆինլանդիան, Բեսարաբիան: 

Այդ գաղտնի արձանագրության հատվածից՝ 

«... 1. Բալթյան երկրների (Ֆինլանդիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա) տարածքներում տարածքային եւ քաղաքական վերադասավորման դեպքում Լիտվայի հյուսիսային սահմանը դառնում է Գերմանիայի եւ ԽՍՀՄ ազդեցության ոլորտների սահմանը: Լիտվայի հետաքրքրությունը Վիլնյո տարածքի հանդեպ ընդունվում է երկու կողմերից:
2. Լեհական պետությանը պատկանող տարածքների տարածքային եւ քաղաքական վերադասավորման դեպքում Գերմանիայի եւ ԽՍՀՄ-ի սահմանը պետք է անցնի մոտավորապես Նարև, Վիսլա եւ Սան գետերի երկայնքով: Այն հարցի համատեքստում՝ արդյոք ցանկալի՞ է անկախ լեհական պետության պահպանումը, և ինչպե՞ս պետք է որոշվի այդ պետության տարածքը, կարող է միայն որոշակիորեն որոշվել հետագա քաղաքական զարգացումների ընթացքում: Ամեն դեպքում, երկու կառավարությունները նույնպես կլուծեն այս հարցը բարեկամական համաձայնության միջոցով:
3. Ինչ վերաբերում է Հարավարևելյան Եվրոպային, ապա խորհրդային կողմը մատնանշում է իր հետաքրքրությունը Բեսարաբիայի հանդեպ: Գերմանական կողմը հայտարարում է իր լիակատար քաղաքական անտարբերությունն այդ տարածքների հանդեպ:
4. Այս արձանագրությունն դիտարկվում է երկու կողմերից` որպես խիստ գաղտնի»: 

Պակտի կնքումով, փաստացի, երկու կողմը պատերազմ սանձազերծեցին: Պակտի կնքումից 8 օր անց սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, և սկսվեց Երկրորդ աշխարհամարտը: Սեպտեմբերի 17-ին Լեհաստանի վրա հարձակվեց ԽՍՀՄ-ը: 1939թ. վերջերին ԽՍՀՄ-ը հարձակվեց պակտով իր ազդեցության գոտի համարվող Ֆինլանդիայի վրա: 1940թ. ամռանը սպառնալիքների և շանտաժի միջոցով ԽՍՀՄ կազմի մեջ մտան պակտով ԽՍՀՄ ազդեցության գոտի համարվող Մերձբալթյան տարածաշրջանի երկրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել