Երբ խոսում ենք 1920թ. օգոստոսի 10-ի մասին, շատերի մտքում Սևրն է (160 հազար քառ կմ Հայաստանի երազներով): Շատերի գնահատմամբ Սևրի հիմքը 1916-ի Սայքս Պիկոն էր: Սևրի մասին շատ է խոսվել, և գնահատականներ տրվել: Սակայն այս օրը տեղի է ունեցել մեկ այլ կարևոր բան, որի մասին շատ քիչ է խոսվում, և գնահատականներ տրվում: Թիֆլիսում Խորհրդային Ռուսաստանի և ռուսական բանակի հարձակման դեմ մարտեր մղող Հայաստանի պատվիրակությունների միջև ստորագրվել էր համաձայնագիր, որի համաձայն՝ ռազմական գործողություններն ավարտվում էին երկու երկրների միջև, և ռուսական զորքերի վերահսկողության տակ էին լինում վիճելի տարածքներ համարվող Զանգեզուրը, Նախիջևանը և Ղարաբաղը: Այդ տարածքների ճակատագիրը հետագայում պետք է որոշվեր: Ռուսաստանն ուներ երկու դաշնակից՝ Քեմալական Թուրքիան և 1920թ. գարնանը խորհրդայնացած Ադրբեջանը: Այդպիսի տանդեմի պարագայում, բնականաբար, պարզ էր, թե այդ ամենն ինչով էր ավարտվելու: Թե ինչ եղավ Ղարաբաղի, Նախիջևանի և, ընդհանրապես, Հայաստանի առաջին հանրապետության հետ, հետագայում շատ անգամ է խոսվել: Քեմալա-բոլշևիկյան ջանքերի շնորհիվ Հայաստանը դադարեց գոյություն ունենալուց (ի դեպ, Հայաստանի հետ կնքված համաձայնագրի օրերին Ռուսաստանը բանակցում էր զուգահեռ նաև քեմալականների հետ: Մոսկվայում թուրքական պատվիրակությունն էր Սամի Բեքիրի գլխավորությամբ: Այդ բանակցությունների արդյունքում 1920թ. օգոստոսի 24-ին կնքվեց ռուս-թուրքական գաղտնի համաձայնագիրը, ըստ որի՝ Հայաստանի դեմ հարձակման համար ռուսները թուրքերին զենք, զինամթերք, զորախմբեր և ոսկի էին տրամադրում): Նախիջևանը 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագրով հանձնվեց Ադրբեջանին: Նույն ճակատագրին արդեն 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ արժանացավ Ղարաբաղը: Եվ միայն Սյունիքը Նժդեհի հերոսական ջանքերի և դիմադրության շարունակման արդյունքում է, որ այդ տանդեմի զոհը չդարձավ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել