Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային Անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ:

Hayeli.am-ի հարցին ի պատասխան՝ նման պարզաբանում է ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին «Մարտի 1-ի» գործի  հետաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից հայտնաբերված ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին:

Հովիկ Աբրահամյանը հերքել է Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված այն պնդումը, թե տարածքը, որտեղից հայտնաբերվել է ապօրինի զենքը, փաստացի  ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին է պատկանում, սակայն Ամբիկ Գևորգյանի անվամբ է ձևակերպված:

Նախկին վարչապետի պնդմամբ՝ այն Ամբիկ Գևորգյանին է պատկանում, և ինքը դրա փաստացի սեփականատերը չէ:

«Ես ո՛չ այդ տարածքի, ո՛չ էլ այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Նա նաև հաստատել է հրապարկված այն տեղեկատվությունը, թե ինքը «Մարտի 1-ի» գործով կանչվել է հարցաքննության.

«Այո՛, հարցաքննություն եղել է, բայց ես տեղյակ չեմ, թե այդ զենքն ինչպես է հայտնվել այդ տարածքում»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ–ը հայտնել էր, որ «Մարտի 1»-ի գործով կատարված խուզարկությամբ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում հայտնաբերվել է զենք և ռազմամթերք, ձերբակալվել է նրա եղբայրը և ևս մեկ անձ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել