Menu.am-ը թափանցիկ ընկերություն է, որտեղ աշխատում են մոտ 100 աշխատակից և 250 առաքիչ: Մեզ հետ աշխատող մոտ 500 ռեստորանները մեզ հետ գործունեության արդյունքում լրացուցիչ 1000 աշխատատեղ են ստեղծել: Մենք ամսական վճարում ենք մոտ 15 մլն դրամ հարկ, իսկ մեզ հետ աշխատող առաքիչները՝ ևս 5 մլն: Մենք ունենք մոտ 200 հզ ակտիվ հաճախորդ Հայաստանում:

Այսօր Կառավարությունն իր 23-րդ որոշմամբ որոշեց անփոփոխ թողնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի լրացուցիչ 16,67%-ով հարկվի: Դա նշանակում է, որ ռեստորանների համար menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր: Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ են ռեստորաններն այժմ աշխատում մեզ հետ։ Հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որն այսօր չեղարկվեց, թույլ էր տալիս մեզ համոզել ռեստորաններին «դիմանալ, քանի որ օրենքը փոխվում էր դեպի լավը»: Որպեսզի շատ հստակ լինի, որևէ հարկային բեռի փոփոխություն հենց Menu.am-ի մասով չի եղել և չէր էլ լինելու, մենք մեր հարկերը վճարել ենք ու կվճարենք. բոլոր փոփոխությունները վերաբերում են ռեստորանների հարկման ռեժիմին, և մեր պայքարն առաքվող և տեղում սպառվող ուտելիքների անհավասար հարկային ռեժիմները չեղարկելուն է վերաբերել:

Ես չեմ փորձում շանտաժի ենթարկել Կառավարությանը, բայց այս պահին մենք որևէ այլ ելք չենք տեսնում, քան պատրաստվել «կատաղի» դիմադրության՝ հանրային սննդի առաքման շուկան մահացու հարկային բեռից ազատելու համար: Մեր իրավաբանները կուսումնասիրեն հնարավոր բոլոր սցենարները, և եթե պարզվի, որ մենք ունենք միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա մենք կդադարեցնենք մեր գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխենք մեր գործունեության այլ երկիր: Մենք չենք պատրաստվում ստորանալ (կամ ստվերանալ) այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում:

Իմ բոլոր ընկերներին և menu.am-ի բոլոր հաճախորդներին խնդրում եմ այս գրառմամբ կիսվել (share անել), որպեսզի հնարավորինս լսելի դառնա մեր ձայնը:

Շնորհակալություն։

Հ.Գ. Մենք շուտով մամլո ասուլիս ենք հրավիրելու այս առթիվ, որպեսզի ավելի մանրամասն բացատրենք մեր տեսակետը և դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությանը նախորդող հակաժողովրդական կառավարության կողմից մտածված թունավոր օրենքների իրական իմաստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել