Հազարամյակների պատմություն ունեցող հայրենիքս այսօր տոնում է Առաջին հանրապետության 100-ամյակը, և իմ կարծիքով՝ շատ կարևոր է այսօրվա տոնի շնորհավորանքներում նշել, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկրի՝ Հայաստանի պատմությունը սկսվում է շատ ու շատ ավելի վաղ, քան 100 տարին է։ 

Տոնդ շնորհավոր, իմ երկիր։ Դու լինելու ես միշտ ծաղկուն, ազատ և անկախ։ 

Պատմական ակնարկ․ 1918-ի այս օրը վերականգնվեց շուրջ 9 դար առաջ կորսված հայոց պետականությունը։ Մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ պայքարում, և կասեցվեց նրանց առաջխաղացումը: Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը: 

Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, և մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը։

1918 թվականի մայիսի 26-ի կեսօրին գումարված Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը որոշել էր կազմալուծել Անդրկովկասի դաշնությունը և վայր դնել լիազորությունները։ Նույն օրը՝ ժամը 17.00-ին, Վրաց ազգային խորհուրդը՝ Նոյ Ժորդանիայի նախագահությամբ, Վրաստանը հռչակել էր անկախ պետություն։ Մայիսի 27-ին էլ Մուսուլմանների ազգային խորհուրդը հայտարարել է «Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության» անկախության մասին, որը հենց այդ ժամանակ թուրքերն առաջին անգամ անվանել են «Ադրբեջան»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել