Ուրեմն՝ անկախ նրանից՝ մայիսի 1-ին Ազգային ժողովը կընտրի Նիկոլին վարչապետ, թե չի ընտրի, դրանով Հայաստանում խնդիրները ոչ թե կվերանան, այլ նոր և ավելի բարդ խնդիրներ կսկսեն։ Օրինակ՝ ինչպե՞ս են բաժանվելու փողերը։ Հայաստանի բիզնեսների մի հսկայական մաս թույլատրելի քվոտաներով բիզնես է, որոնց ներկայացուցիչները նստած են Ազգային ժողովում։ Առաջ կար մեկը, որ «արդարաբար» բաժանում էր։ Հիմա Պանիկովսկին ասելու է՝ սա՝ ինձ, սա՝ քեզ, սա՝ Օստապ Իբրահիմովիչին։ Բալագանովը դժգոհելու է՝ «բա Կազլևիչին», և էսպես շարունակ։ 

Նիկոլի այս պահի պոպուլյարությունը բխում է ժողովրդի այն ընկալումից, որ դևին սպանողն ինքն է, բայց դե դևը հո մի գլխանի չի, եթե նույնիսկ բացառենք հեքիաթներում հանդիպող այն սցենարը, որ դևին սպանողն ինքն է հաճախ դառնում դև։ Ժողովուրդն օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն կանգնելու է նորանոր դևերին դեմ-հանդիման, որից հետո կցրվի այն միֆը, որ դևը սպանված է։ Ես դեռ մի ոլորտի օբյեկտիվ դժվարությունները նշեցի, էլ չասեմ ուրիշ ոլորտների և արհեստականորեն ու թշնամաբար ստեղծվող դժվարությունների մասին։ Ես սա չասեցի, որ վախենանք, այլ, որ նկատի ունենանք։ Մի խոսքով՝ պահեա, պահպանեա զՀանրապետությունս Հայաստանի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել