Տեղը չեմ բացատրի, որ անմիջապես չկռահեք՝ ով է։ Մի համր տղա կա՝ պարալիզացված նյարդային համակարգով, ինքն իր համար աշխատանք է ստեղծել, ինչ-որ հիմնարկության դիմաց կանգնում է, կանգնող մեքենաների դուռը բացում, ուղեկցում, դուրս գալուց օգնում՝ ձեռքերով հասկացնելով, և յուրաքանչյուրը մտքով անցածի չափով գումար են նվիրաբերում։ 
Ծանոթներիցս մեկն առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում այդ տղային, չէր թողնում՝ իր դուռը բացի, սկսում էր ժեստերով որպիսությունը հարցնել ու միշտ շռայլորեն գումար էր տալիս։ 
Մի օր եկավ, սա, տեսնելով ծանոթիս մեքենան, աչքերը փայլելով մոտեցավ, ծանոթս իջավ, հասկացրեց, որ մոտը ընդհանրապես գումար չկա, այս անգամ ոչինչ չի կարողանալու տալ։ Սա նայեց-նայեց, կանգնեց, գրպանից հանեց իր ամբողջ օրվա աշխատանքը՝ կոպեկների տեսքով, լցրեց ծանոթիս գրպանը, ձեռքով ուսին թփթփացրեց, իբր չնեղվես ու քայլեց առաջ։ Հաշվեցինք, 3400 դրամ էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել