Երկու օր անց, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ֆոնին, մենք ականատես կլինենք ադնակլասնիկաֆեյսբուքյան շինիչ հայրենասիրության բացառիկ դրսևորումների, ցեղասպանության թեմատիկայով լուսանկարների և տարաբնույթ վերամբարձ գռմռոցների տիրաժավորման աննախադեպ արտադրական վերելքի: Արտաքին աշխարհը հուժկու հարված կստանա ժխտողական քաղաքականության և հայատյացության համար, մինչդեռ լալահառաչ հայտարարությունների և միջազգային տարաբնույթ ատյաններին ապտակելու շառաչների արանքում խնամքով կթաքցվի այն ներքին ապտակը, որ պետք է ստանայինք ազգային ցավի դիվանագիտական պտուղները միջազգային սև շուկա հանելու և այն չնչին գներով վաճառելու համար: 
Եվ ի՞նչ պատասխան պետք է տանք Ցեղասպանության արդյունքում բեկորված հայությանը, որ սեփական պետության գոյության և դիվանագիտական հսկայական կորպուսի առկայության պայմաններում.
* աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում ռազմավարական դաշնակից Ռուսաստանում, ամեն տարի հարյուրավոր հայեր են սպանվում ազգայնականության հողի վրա, սակայն վիճակագրությունը փաստում է, որ այդ դեպքերի աղաղակող մեծամասնությունը արդարադատության մարմինների կողմից կոծկվում են կամ փոխարինվում մեղմ և սիմվոլիկ պատիժներով: Արդյո՞ք սպանված մարդկանց քանակը որևէ էական նշանակություն ունի, չէ՞ որ ցանկացած հայ, որը սպանվում է իր ազգային պատկանելության պատճառով, Ցեղասպանության զոհերի շարունակությունն է, այս անգամ այլ դերակատարներով: Եվ ինչպե՞ս հասկանալ հայկական դիվանագիտական կորպուսի անդեմ վերաբերմունքը նմանատիպ փաստերին, երբ ցեղասպանված ժողովրդի արտաքին քաղաքականությունը ագրեսիվ պետք է լիներ ցանկացած հայի կորստի նկատմամբ...
* Հունգարիայում հայ սպայի կացնահարումը իր երկրի քարոզչությունից բթացած և հայատյացության համախտանիշով տառապող մարդակերպ անասունի կողմից ընդամենը մի քանի խրոխտ և ոգեղեն հայտարարությունների և մեկ-երկու կիսատ-պռատ, քայլերի շղթա և տրամաբանություն չենթադրող դիվանագիտական գործողությունների պատճառ դարձավ: Հետագայում հանցավոր անտարբերության մատնված սրիկան իր երկրի կողմից գնվեց որպես նախիրի սիմվոլ և հերոսացվեց: Ցեղասպանված ժողովրդի արտաքին դիվանագիտական կորպուսը, հայտնի էքստրադիցիային դեռ մեկ տարի չանցած, իրավունք ունի՞ լռության մատնել եղեռնի այս հերթական արարը՝ իր հովանու տակ ծվարած հայությանը այդպես էլ վստահություն չներշնչելով և հայության անվտանգության համար միջազգային կռիվ չտալով... 
* Հրանտ Դինքի սպանությունը, անշուշտ, ցեղասպանության իրողության վերահաստատումն ու շարունակությունն էր: Շնորհիվ Հրանտի միջազգային ճանաչվածության աստիճանի և նրան շրջապատող մարդկության քաղաքակիրթ հատվածի՝ «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունը ստացավ լրջագույն միջազգային գնահատական, սակայն Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայերի ֆինանսական և լոբբիստական հսկայական կարողություններից օգտվող հայ դիվանագիտական կորպուսը առ այսօր շարունակում է անտարբեր վերաբերմունք դրսևորել և դիտորդի մակարդակում հետևել, թե 21-րդ դարում ինչպես է Ստամբուլի կենտրոնում շարունակվում Հայոց ցեղասպանությունը: Նաև այդ անտարբերության արդյունքում Թուրքիայում շարունակվում են հակահայկական տրամադրություններն ու սպանությունները...
* Հայ-թուրքական հայտնի արձանագրություններից հետո գրեթե մեռյալ կետի հասցված Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որևէ շարունակականության միտումներ, բացի որոշակի տարերային բռնկումներից, չի ցուցաբերում: Արդյո՞ք Սաֆարովի տխրահռչակ էքստրադիցիան այն դիվանագիտական խթանը չէ, որը պետք է նոր թափ հաղորդեր գործընթացին...

Այս կետերը գրեթե անսպառ են: Մինչդեռ մենք, հստակ գործողությունների փոխարեն, նախընտրում ենք ադնակլասնիկաֆեյսբուքյան հայրենասիրական պոռթկումները: Ապտակում ենք բոլորին՝ անտարբերության համար՝ մոռանալով մեր բաժին ապտակները: Հստակ և համակարգված գործողությունների փոխարեն նախընտրում ենք վերամբարձ և պաթետիկ ճոռոմաբանությունները: Մինչդեռ ժամանակն է, որ մեր բարոյական հաղթանակները վերածենք նյութական նվաճումների: Որպեսզի բարոյական հաղթանակների մասին երգելով աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը գերեզման չտանենք...
Որպեսզի ապրիլի 24-ը դառնա սովորական, աշխատանքային օր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել