Հարավային Կորեն և Իրանը կնքել են 750 մլն եվրո արժողությամբ պայմանագիր։ Պայմանագրի համաձայն՝ Իրանին է տրամադրվելու տարբեր տեսակի 450 երկաթուղային վագոն։ Պայմանագիրը նքվել է հարավկորեան «Hyundai Rotem» ընկերության հետ։

Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարների և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիի՝ այս պայմանագիրը ոչ միայն պետք է լուծի Իրանի երկաթուղային ենթակառուցվածքների խնդիրը և թարմացնի գրեթե ողջ երկաթուղային համակարգը, այլև մասամբ՝ Իրանի համար թիվ մեկ խնդիրներից մեկը՝ գործազրկությունը, քանի որ նման քանակի երկաթուղային տարբեր տեսակ վագոնների ներկրումն Իրան և տեղական պահանջներին հարմարաեցնելը ենթադրում է լուրջ աշխատանք։ Նախատեսվում է, որ պետք է հիմնովին փոխվեն կամ թարմացվեն երկաթուղային առկա ենթակառուցվածքները, պատրաստվեն համապատասխան մասնագետներ, որոնք կկարողանան ամբողջովին նոր գնացքները և վագոնները ղեկավարել և սպասարկել։ Պայմանագրի կնքման արարողության ժամանակ Աբբաս Ախունդին նշել է, որ 1000 աշխատատեղ անմիջապես է բացվելու, 1700-ը՝ հընթացս, ևս 2700-ը այն ժամանակ, երբ վագոնները կգործարկվեն։

Մինչ այս նմանատիպ երկու պայմանագրեր էին կնքվել նաև մեքենաշինական այնպիսի գերհզոր ընկերությունների հետ, ինչպիսիք են ֆրանսիական «Alstom»-ը (ընդհանուր 1․3 մլրդ եվրո արժողությամբ) և ռուսական «Transmashinholding»-ը (ընդհանուր 2․5 մլրդ եվրո արժողությամբ)։

Փաստորեն, համադրելով վերոնշյալը, կարող ենք նշել, որ Իրանի համար չափազանց կարևոր է սեփական երկաթուղային ցանցը թարմացնելը և նոր երկաթուղագծեր անցկացնելը, ինչի մասին են վկայում վերոբերյալ երեք գերհզոր պայմանագրերը․ ընդ որում պետք է նշել, որ բոլոր դեպքերում էլ ընտրված են աշխարհագրական տարբեր ուղղություններ՝ Արևելք, Եվրոպա և Ռուսաստան, ինչն առհավատչյան է Իրանի վարած հավասարակշռված և բավականին գրագետ արտաքին քաղաքականության։

Այս ամենի մեջ մի բան է չափազանց հետաքրքիր․ ստացվում է, որ Իրանը կարողանում կնքել է մոտ 4․5 մլրդ եվրոյի պայմանագրեր, բայց 500 մլն դոլար չունի՝ Ղազվին-Ռաշթ երկաթուղին ավարտին հասցնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել