Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը որևէ բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, բացառությամբ միջուկային հարցի և վերահաստատել է հրթիռային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշումը, հաղորդում է Mehr-ը։

Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ելույթ ունենալով կառավարության այսօրվա նիստի կուլիսներում, հայտարարել է, որ թեև Միացյալ Նահանգները նախկին քննարկումների ժամանակ բազմիցս փորձել են անդրադառնալ հրթիռային և տարածաշրջանային հարցերին, այդ թեմաների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը «միշտ պարզ է եղել»։

Նա ընդգծեց, որ եթե Միացյալ Նահանգների հետ որևէ բանակցություն տեղի ունենա, ապա «դրանք բացառապես միջուկային դոսիեին են վերաբերելու»։

Արաղչին նաև հիշատակել է Իրանի և Օմանի միջև շարունակվող կառուցվածքային երկխոսության մասին՝ նշելով, որ Թեհրանում և Մասկատում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պարբերաբար երկկողմ խորհրդակցություններն են անցկացվում։

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային երկուշաբթի օրը կայացած իր ճեպազրույցի ժամանակ հերքել է այն հաղորդագրությունները, թե Օմանը Միացյալ Նահանգներից Իրանին պաշտոնական ուղերձ է փոխանցել։ Նա հայտարարել է, որ թեև միջնորդները կարող են ուղերձներ կամ լրացուցիչ գրառումներ փոխանակել, նման փոխանակումները «Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ բանակցային գործընթացի սկիզբ չեն և չեն հանգեցնի դրան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել