«Հայկական Ժամանալ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնում 19-ամյա երիտասարդ է ծեծի ենթարկվել:

19-ամյա տղային ծեծի է ենթարկել Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, կոչումով մայոր Գերասիմ Մարդանյանը: Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում պատմեց ծեծի ենթարկված տղայի մայրը՝ տիկին Գրետան:

Նրա պատմելով հոկտեմբերի 4-ին որդին՝ Վահրամ Սիմոնյանը հարեւանի հետ գնում է տան համար վառելափայտ բերելու, սակայն մեքենան անսարք լինելու պատճառով փայտը դատարկում են անտառում եւ ետ վերադառնում: Ճանապարհին նրանց փորձում է կանգնեցնել մի Մերսեդես մակնիշի մեքենա:

«Որդիս չի իմացել, թե ովքեր են փորձում իրեն կանգնեցնել, չի կանգնել: Հասել է մեր տան բակ, նրա հետեւից մինչեւ բակ եկել է այդ մեքենան, որի միջից իջել են մարդիկ, ովքեր ներկայացել են որպես բաժնի աշխատողներ:

Որդիս ասել է, որ ինքը չէր կարող իմանալ, որ իրեն կանգնեցնողները ոստիկաններ են, քանի որ մեքենան ոստիկանական չէ: Այնուհետեւ պայմանավորվել են գնալ բաժին, միջնեկ որդուս հետո բաժին են գնացել նաեւ փոքր որդիս՝ Ժորա Սիմոնյանը, եւ ամուսինս:

Բաժնում որպես կասկածյալ են համարել Ժորային (ապօրինի ծառահատում կատարելու-խմբ.), ապա բարձրացրել 3-րդ հարկ եւ սենյակներից մեկում քրեականի պետ Գարիկ (Գերասիմ) Մարդանյան կոչեցյալը երեխային կասկածյալ համարելուց հետո հայհոյել է, ապտակել, ոտքով փորին, ոտքերին հարվածել: Որդիս՝ Ժորան մեկ տարի առաջ լեղապարկի վիրահատության է ենթարկվել, հարվածներից հետո սուր ցավեր է ունենում: Գարիկ Մարդանյանի կողմից ծեծը փորձել է կանխել իր գործընկերներից մեկը, սակայն ապարդյուն: Ծեծից հետո, երբ որդիս սենյակում մենակ է մնացել, զանգահարել է այդ պահին բաժնի դռան մոտ գտնվող ամուսնուս եւ ասել՝ պապ մեզ ստեղ ծեծում են:

Միջնեկ որդիս այլ սենյակում է եղել: Ամուսինս հենց շենքի բակում հանդիպել է Մարդանյանին ու հարցրել ինչո՞ւ ես ծեծել իմ երեխային, ի պատասխան Մարդանյանն ասել է, թե լավ եմ արել, գնա որտեղ ուզում ես բողոքի, ի վնաս ձեզ: Դրանից հետո ամուսինս զանգահարել է 1-02, հաղորդում տվել տեղի ունեցածի մասին, հետագայում գործով զբաղվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Գործը քննող քննիչով մենք հիացած ենք»,- մանրամասներ ներկայացրեց 19-ամյա տղայի մայրը:

Նրա խոսքով՝ ոստիկանության բաժնից տուն վերադառնալիս Ժորա Սիմոնյանի մոտ ցավեր են սկսվում, անմիջապես տեղափոխում են Իջեւանի հիվանդանոց. «Քանի որ մեկ տարվա վիրահատված էր, սկսեցինք անհանգստանալ՝ մտածելով, որ հարվածներից վնասվել է վիրահատված տեղը: Հիվանդանոցում հետազոտություններ արվեցին, պարզվեց, որ մկանային սուր ցավեր է: Վնասվածքները հերթապահ բժիշկները արձանագրեցին»,- ասաց տիկին Գրետան: Նա նշեց, որ արդեն իսկ հիվանդանոցում մայորի բարեկամները միջնորդի կարգով զանգահարել են ամուսնուն, եւ խնդրել գործը փակել, չբողոքել: «Մենք ոչ մի բան հաշվի չենք առել»,- հավելեց ծեծի ենթարկված երիտասարդի մայրը:

Դեպքից հետո ծնողները եկել են Երեւան՝ հանդիպելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, նրանց, սակայն ընդունել է ոստիկանության աշխատակիցներից մեկը եւ խոստացել, որ գործը փակուղի չի մտնի:

Մեր հարցին, թե ի վերջո ի՞նչ պատճառով է Քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծի ենթարկել որդուն, արդյո՞ք նախկինում ճանաչել են նրան, տիկին Գրետան պատասխանեց. «Մենք իրենց հետ առնչվող ոչ մի գործ չենք ունեցել: Ոչ պիտանի կենդանի է, շատ շատերի է ծեծել, վախեցել են, լռել: Մենք հանուն ինչի՞ լռենք, եթե անմեղ տեղը բռնել ծեծել են երեխուն: Իրենք գյուղում Հիտլեր մականունով են հայտնի»,- հավելեց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի  այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել