Բոլորեց Ռուսաստանում բոլշևիկյան հեղաշրջման 100 տարին։ Գերմանիայի և Անգլիայի հատուկ ծառայությունների գաղտնի գործակալներ Պարվուսի և Տրոցկու ջանքերով և Գերմանիայի տրամադրած դրամական միջոցներով հաջողվեց Լենինին ու բոլշևիկներին մեջտեղ բերել ու դարձնել զորեղ քաղաքական միավորներ Ռուսաստանում։ Գրավեցին իշխանությունը և զորեղ տեռոր կազմակերպելով հաղթեցին նաև բռնկված քաղաքացիական պատերազմում։ Պոպուլիստական լոզունգներով իրենց կողմը գրավեցին հասարակ ու աղքատ մասսային և կարողացան համարյա ամբողջովին երկրից վտարել և կամ կոտորել ռուսաստանի քաղաքական, զինվորական և մշակութային ողջ էլիտային։ 
Հիմնադրվեց Սովետների երկիրը որտեղ արտադրամիջոցների նկատմամբ վերացված էր անձնական սեփականության իրավունքը և ազգային ողջ եկամուտը կենտրոնացված էր պետության ձեռքում։ Նման տոտալիտար տնտեսակարգը հնարավորություն տվեց իրականացնել բազում բարդ ու ծախսատար վերակառուցումներ։ Երկիրը ինդուստրալիզացիայի և էլեկտրաֆիկացիայի ենթարկվեց։ Կազմակերպվեց հզոր բանակ։ Վերացվեց անգրագիտությունը, զարկ տրվեց կրթությանը, գիտությանը և մշակույթին։ Սակայն ժողովրդի կենսամակարդակը լրջորեն չբարելավվեց ու չհասցվեց զարգացած երկրների մակարդակին։ Դիտավորյալ և մտածված կարգով տարածքային ու ազգամիջյան որոշ հարցեր չլուծվեցին և ուղղակի քողարկվեցին բարեկամության ու եղբայրության մասին կեղծ ու պատիր լոզունգներով։ Պետական սեփականության համընդհանուր տիրապետության պայմաններում համարյա բացակայում էր մարդկանց անձնական նախաձեռնությունը որպես արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման կարևորագույն գործոն։ Այս ոլորտները սկսեցին տեղապտույտ տալ ։Այս հանգամանքը, իր վրա վերցրած միջազգային պարտավորությունների պետության ուժից վեր լինելը ինչպես նաև ծագած ազգամիջյան հակասությունները բերեցին Սովետի կործանմանը։ Կործանման գործին իր նպաստը բերեց նաև Արևմուտքը նավթի գինը իջեցնելով մինչև 15 դոլարի մեկ բարելի համար։ Գնաց պատմության գիրկը Սովետը իրենից հետո թողնելով հակասական ու իրարամերժ բազում կարծիքներ ու որակումներ։
Մեր ժողովուրդը այդ թոհուբոհի մեջ ունեցավ ինչպես լուրջ կորուստներ այնպես էլ նաև լուրջ ձեռքբերումներ։ Պատմություն դարձան այդ դեպքերը։ Հիմա ինչքան էլ տարբեր և իրարամերժ որակումներով որակավորենք կատարվածը այն այլևս կատարված վերջացած է և որևէ բան փոխելը անհնարին։ 
Անցանք նաև այդ քավարանով ու հաստատ այնտեղից շահած ենք դուրս եկել։ Տեսնենք ապագայում ինչ ենք անելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել