«CNN Greece»-ը ներկայացրել է մոտ 30 րոպեանոց ֆիլմ՝ նվիրված Արցախին ու Հայաստանին, այնտեղ ապրող մարդկանց, ԼՂՀ կոնֆլիկտի մանրամասներին և այն մարդկանց, ովքեր անցել են այդ դաժան պատերազմի միջով, ինչպես նաև ներկայացնում նրանց ինքնորոշման մասին պատկերացումները։ Ֆիլմի նկարահանումն իրականացվել է «Հայաստանի եվրոպական գործընկերներ» կազմակերպության հովանու ներքո, որի շրջանակներում CNN-ի նկարահանող խումբն այս տարի սեպտեմբերին այցելել է Հայաստան ու Արցախ։

Բազմիցս ենք խոսել, որ Հայաստանի ու Արցախի մասով միջազգային արձագանքը հիմնականում լինում է Ցեղասպանության վերաբերյալ։ Ոչ մի կերպ չշրջանցելով հայոց մեծագույն այդ ողբերգությունը՝ ամեն դեպքում նշենք, որ այդ ուղղությամբ ծախսվող հսկայական միջոցներն իրենց նպատակին այլևս չեն ծառայում, քանի որ միջազգային խոշոր խաղացողները՝ ի դեմս ԱՄՆ-ի ու Թուրքիայի, գոնե այս շրջանում Ցեղասպանությունը չեն ճանաչելու։ Հետևաբար շատ ճիշտ կլինի, որ այդ միջոցներն ուղղվեն հենց Արցախի հարցի, Արցախի ժողովրդի մասին միջազգային հանրությանը տեղեկատվություն տրամադրելու, լուսաբանելու ու խնդրի էությունը ներկայացնելու համար, մի բան, որ շատ վաղուց անում է Ադրբեջանը։ Կոնկրետ այս պարագայում շատ ողջունելի է, որ CNN-ի հունական ծառայությունն այսպիսի երկար անդրադարձ է կատարում ու եվրոպական հանրությանը ծանոթացնում Արցախին։ Սա, իհարկե, դեռ ամենը չէ, սակայն կարծում ենք, որ նմանօրինակ ֆիլմերի շարքը պետք է համալրվի նույն ինտենսիվությամբ, ինչպես Ցեղասպանության հարցի արծարծման վերաբերյալ վավերագրական նյութերը, ֆիլմերը և այլն։ Ժամանակն է վերջապես, որ հայ հանրությունը հասկանա, որ փոխվում են ժամանակները, փոխվում են մարտահրավերները, ու Հայաստանն այդ ընթացքին համապատասխան փոխում է նաև իր արտաքին քաղաքական օրակարգի առաջնայնությունները:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել