Զարմանում եմ, որ մարդիկ լուրջ դեմքով քննադատում են օրենսդրական այնպիսի նախաձեռնություններ, որոնցով նախատեսվում է ավելի շատ երիտասարդների բանակ զորակոչելը։ Դա անհրաժեշտ է, ու եթե բանակում ծառայածների ու չծառայածների թեման չփակենք, ապա նման վիճակը հղի է լուրջ հետևանքներով։ Մասնավորապես՝ այն, որ երբեք ու ոչ մի ծնողի չես կարող բացատրել, թե ինչու իր երեխան պետք է գնա բանակ, առավել ևս՝ դիրքերում իր կյանքն ամենօրյա վտանգի ենթարկի, իսկ իր կողքի հարևանը ոչ մի կերպ չմասնակցի բանակային կյանքին, ինչ է, թե գիտության մեջ է ցանկանում խորանալ։ Ես չգիտեմ՝ տեսանելի է դա, թե չէ, բայց հասարակության ներսում լուրջ դժգոհություն կա այս հարցում ու արդեն վաղուց։ Բոլորը պետք է ծառայեն, ոչ թե դրա անունը դնեն՝ «դե, ես էլ գիտությունների թեկնածու դարձա, դրանով երկրին օգուտ կտամ», այլ լինեն գոնե երկու տարի հենց ՊՆ-ի ենթակայության տակ, լինեն զինվոր կամ սպա։ Սա սկզբունքային պահ է, ու եթե մենք այսօր այս հարցերը չկարգավորենք, ապա հազարավոր ընտանիքներ իրենց երեխաների քաղաքացիությունը կփոխեն կամ ուղղակի կգնան երկրից, քանզի ներկա վիճակն արդար անվանել չի կարելի։ Այս թեմայով խոսել եմ բազմաթիվ անգամներ, մենք գնացինք բանակ, մասնակցեցինք երկրի պաշտպանությանը, հետ եկանք ու տեսանք, որ բանակ չգնացածները ոչ միայն երկու տարի դժվար կյանք չտեսան, այլ արդեն մեծապես առաջխաղացում էին գրանցել աշխատանքում, իսկ մենք քիչ է՝ դեռ նոր պետք է գործ գտնեինք, դրան գումարած էլ՝ գրեթե ամեն բան մոռացել էինք՝ թե՛ լեզու, թե՛ ստացած այլ տիպի գիտելիքներ։ Եթե կա երկիրը պաշտպանելու հարց, ապա դա պետք է անենք բոլորս, եթե չէ, ապա ոչ ոք իր երեխային նման պայմաններում ծառայության ուղարկել չի ցանկանա։ Իսկ ընդդիմախոսներին էլ խորհուրդ կտամ հակառակը համոզել սահմանին կանգնած զինվորի մորը կամ ցույց տալ գիտությամբ զբաղվող այն հազարավոր մարդկանց շարքում գոնե 10 հոգու, ովքեր, բացի իրենց բարեկեցությունից, երկրի համար իրենց գիտությամբ այլ օգուտ տվել են։ Հիշեք, որ նույնիսկ Հենրիխ Մխիթարյանն է ծառայել հայոց բանակում, գնացեք, ծառայեք, եկեք, մեզանից առավել չէիք, ու ձեր երեխեքն էլ մեր երեխեքից առավել լինել չեն կարող։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել