Գրե՞մ, չգրե՞մ... Դե լավ, մեկ ա՝ բան չի փոխվելու, ուրեմն՝ գրեմ:

Երեկ ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, պատասխանելով աջ ղեկ ունեցող մեքենաների վերաբերյալ հասարակությունում տարածված լուրերի իսկության մասին լրագրողի հարցադրմանը, պատասխանել է, որ նախարարությունը կստանա ոստիկանությունից տեղեկատվություն (երևի նրա մասին, թե ՃՏՊ-ներում աջ ղեկ ունեցող մեքենաները ինչ տոկոս են զբաղեցնում) և կկայացնի որոշում: Մյուս նախադասության մեջ նախարարն ասում է, որ Հայաստանն ընդունել է աջակողմյան երթևեկության միջազգային ստանդարտները և աջ ղեկ ունեցող վարորդներին կտրամադրվի որոշակի ժամանակ, որ ղեկը փոխեն:
Եթե սա ասեր որևէ ուսանող, ես՝ որպես տրամաբանության դասախոս, այս պատասխանը կգնահատեի «անբավարար»: Ինչո՞ւ:
1. Որովհետև ոստիկանությունից տեղեկատվություն դեռ չստացած՝ նախարարն արդեն խոսում է նրա մասին, թե ինչ որոշում է ընդունվելու: Իսկ եթե ոստիկանության տեղեկատվությունը ուղիղ հակառակ որոշում ենթադրի՞...
2. Որովհետև աջակողմյան և ձախակողմյան երթևեկության տարբերության հիմքում ընկած է ընդամենը այն պատկերացումը (ո՞վ է ասել, որ ճիշտ), որ վարորդի նստատեղը պետք է լինի հանդիպակաց երթևեկության կողմից: Օրինակ՝ մոտոցիկլետի պարագայում ինչպե՞ս եք որոշում՝ դրա ղեկը աջ կողմո՞ւմ է, թե՞ ձախ... Չի որոշվում:
3. Որովհետև չկա վիճակագրություն, որ աջ ղեկ ունեցող մեքենաներն ավելի հաճախ են հանդիսանում ՃՏՊ-ների ՊԱՏՃԱՌ (ոչ թե մասնակից, որովհետև կարող են լինել մասնակից՝ չլինելով պատճառ): Եթե նման վիճակագրություն կա, հրապարակե՛ք:
4. Որովհետև առաջանում է տպավորություն, որ նախարարը սպասարկում է Հայաստանում ձախ ղեկ ունեցող մեքենաներ վաճառող ընկերությունների շահերը:
5. Եվ վերջում․ այդ նոր միայն գլխի ընկա՞ք, որ Հայաստանում աջ ղեկ ունեցող մեքենաներ կան: Պետությունը չի կարող այդքան անհետևողական և հակասական լինել. մի օր թույլատրում է մուգ ապակիներ, մի օր՝ արգելում, տարիներով թույլատրում է աջ ղեկ ունեցող մեքենա ներմուծել, մի օր որոշում արգելել դրանց շահագործումը...

Պարոն նախարար, Դուք, առհասարակ, հասկանո՞ւմ եք, թե պետությունն ինչ է:
Առավելագույնը, որ կարող եք անել, արգելել աջ ղեկ ունեցող մեքենաների ներմուծումը սկսած, օրինակ, 2018 թվականի հունիսի 1-ից: Բայց ոչ երբեք ստիպեք վարորդներին՝ փոխեն մեքենայի ղեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել