Ինչպես գիտենք, օրերս Բաքվում տեղի էր ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Այս մի քանի օրերին թեմայի վերաբերյալ քննարկումների պակաս չկար։ Հնչում էին կարծիքներ նաև, որ Հայաստանի պատվիրակությունն իզուր է մասնակցում Բաքվում կայանալիք միջոցառմանը։ Ինչպես տեսանք, սակայն, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ ՀՀ պատվիրակության ներկայությունը Բաքվում ուներ անկյունաքարային նշանակություն։ Մասնավորապես՝ ադրբեջանական պատվիրակության կողմից մի քանի անգամ փորձ է արվել նիստի օրակարգից շեղվել ու միջոցառմանն արծարծել ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։ Վերլուծելով պատվիրակության գործունեությունը՝ կարելի է փաստել, որ ՀՀ ներկայացուցիչների բացակայության պայմաններում շատ հանգիստ հնարավոր էր միջոցառումը վերածել հակահայկական քարոզի։ Այստեղ ՀՀ պատվիրակությունն իսկապես մեծ աշխատանք է իրականացրել։

Հետաքրքիր էր նաև հայաստանյան պատվիրակության ասուլիսը։ Արմեն Աշոտյանը մի կողմից փորձում էր ցույց տալ հայկական կողմի մարդասիրական վերաբերմունքը՝ հորդորելով չքարոզել ատելություն սերունդներոի միջև, մյուս կողմից անպատասխան չէր թողնում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հնչող թեմայից դուրս ու սադրիչ հարցադրումները։ Տարածված տեսանյությում երևում է, որ ցանկացած սադրիչ հարցադրում ստանում է կոշտ արձագանք։

Նման միջոցառումները չափազանց կարևոր են Հայաստանի համար։ Կարծում եմ, որ Հայաստանը չպետք է բաց թողնի ոչ մի միջազգային հարթակ ու ապահովի մաքսիմալ ներգրավվածություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել