Ինչպես գիտեք, իսրայելական Haaretz պարբերականը, հղում անելով Իսրայելի տուրիզմի նախարար Յարիվ Լևինին, սենսացիոն մի նյութ էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին մոտ 600 միլիոն դոլար են ներդրել Իսրայելի տնտեսության մեջ, իսկ Հայֆա քաղաքում վեց միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն են գնել, որի անվտանգության ապահովումն Ադրբեջանի խնդրանքով իրականացվում է Իսրայելի անվտանգության ուժերի կողմից: Պարբերականը գրել է նաև, որ Ադրբեջանի նախագահի որդին՝ Հեյդար Ալիևը, մի քանի ամիս գտնվելով իսրայելցի բժիշկների հսկողության տակ, գրեթե լիովին բուժվել է ծանր հիվանդությունից։
Տեղեկատվության արտահոսքը խիստ զայրացրել է ադրբեջանական իշխանություններին, իսկ երեկ հերքմամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը: Մամեդովը տարածված տեղեկությունն անվանել է կեղծիք և զրպարտություն՝ ավելացնելով, որ Ալիևի որդին ոչ միայն այդ ամիսներին չի գտնվել Իսրայելում, այլ ընդհանրապես չի այցելել այդ երկիր։ 
Այսօր Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ պաշտոնական քարոզչամեքենան ստում է, և որ Հեյդար Ալիևին կեղծ տվյալներով ու մասնավոր ինքնաթիռով են տեղափոխել Իսրայել: 
Ըստ նրանց` խիստ գաղտնիությունն առաջին հերթին կապված է հիվանդի ախտորոշման հետ: Ալիև կրտսերի մոտ բժիշկները վաղուց են հայտնաբերել ժառանգաբար փոխանցված բարդ ձևի անբուժելի հոգեկան հիվանդության ախտանիշները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել