Այսօր լրագրողների հետ զրույց են ունեցել «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ Վոլոդյա Ավետիսյանը և ՀԿ–ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը։ Վերջիններս տեղեկացրել են, որ ցանկանում են գրասենյակ բացել և զբաղվել ազատամարտիկների խնդիրներով։

Վոլոդյա Ավետիսյանը նշել է, որ ցանկանում են ազգի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնել․ «Մեր նպատակը հայրենասիրության քարոզարշավ իրականացնելն է Հայաստանի ամբողջ տարածքում և, ամենակարեւորը՝ զորամասերում, զինծառայողներին բացատրել, որ ծառայում են հայրենիքի, ոչ թե որեւէ մեկի համար եւ պետք է անշահախնդիր ծառայեն»։ Գագիկ Սարուխանյանն էլ հայտարարել է, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկը չի ներկայացնում ժողովրդի շահը․ «Մենք հիմնել ենք «Արժանապատիվ ազատամարտիկների» հիմնադրամը և, համալրելով «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ-ի աշխատանքը, շարունակելու ենք մեր գործունեությունը»։

Այս երկրում արդեն ազատամարտիկների խնդիրներով զբաղվող կառույցներն ավելի շատ են, քան ազատամարտիկները։ Այս հայտարարություններն արդեն դարձել են քաղաքական օրակարգ ձևավորելու անբաժան ընթացակարգ։ Հետաքրքիր են, սակայն, պարոնների հայտարարությունները։ Ո՞վ է Գագիկ Սարուխանյանը, որ ԱԺ-ում ներկայացված ուժերի հասցեին մերկապարանոց հայտարարություններ է անում։ Փաստորեն, Հայաստանի խորհրդարանն ավելի քիչ է ներկայացնում ժողովրդի շահը, քան իրենց 3 հոգանոց հիմնադրամը։ Դեռ հարց է, այդ ի՞նչ հիմնադրամ է, որ ընդդիմության այլընտրանքն է, այդ ովքե՞ր են ֆինանսավորում, ինչո՞վ է զբաղվում, և առհասարակ, ո՞վ են այս մարդիկ։

Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը պակաս հետաքրքիր չէ։ Վոլոդյան փաստացի դատարկ օրակարգ է առաջ քաշում։ Այսօրվա զինծառայողների 99 տոկոսը քաջ գիտակցում է՝ որտեղ է և ում է ծառայում։ Անհասկանալի է՝ ինչ է ուզում արած լինել այս մարդը, ինչից է վերցրել, որ քաղաքականության մեջ կրկին ակտիվանալու քայլերը բանակից պետք է սկսել։ Վոլոդյան զբաղված է պարզապես օդ ճոճելով։

Ցավալին այն է, որ այսօր ում խոսեցնես՝ ազգի դուխն է բարձրացնում։ Ով ծառայել է կամ մոտիկից «խեբե» ու «պարտյանկա» է տեսել, հիմա բանակի խնդիրներով է մտահոգվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել