Մտածելով այս մասին` նախկին ՕԵԿ-ական Արամը որոշ գործարքների է գնում եւ 2004 թվականից զբաղեցնում ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը: Ընդ որում` երբ անհայտ անուն-ազգանունով անձնավորությունը նշանակվեց քաղաքաշինության նախարար, հեռուստաընկերություններից մեկը հարցախույզ կատարեց ԱԺ միջանցքներում, եւ պարզվեց, որ ոչ ոք չի ճանաչում նրան. միակ պատասխանն էր. «Էդ, ո՞վ աաաա»:

Սակայն քաղշին նախարար Հարությունյանը ոչ միայն «ծաղկեցրեց» համապատասխան ոլորտը, այլև, բառի բուն իմաստով, ծաղկեցրեց իրեն եւ իր մերձավորներին: Նա լուծարեց ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական փորձաքննության ստորաբաժանումը, որի տված եզրակացություների հիման վրա էին կառուցվում ՀՀ կարեւորագույն օբյեկտները, եւ այն վերաբացեց` որպես մասնավոր ընկերություն, եւ այլն:

Քաղաքաշինության նախարար Հարությունյանը այս պաշտոնում մնաց մինչեւ 2007 թվականը, քանի որ հարազատ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիոն կառավարությունից եւ դարձավ «ընդդիմություն», իսկ Հարությունյանը, թացը չորից լավ տարբերելով, միանգամից դավաճանեց օրինաց կուսակցականներին` դարձավ Հանրապետականի գաղափարակիր եւ, դարձյալ լավ գումար վճարելով, զբաղեցրեց բնապահպանության նախարարի աթոռը, քանի որ արդեն նոր կոալիցիայում քաղաքաշինության նախարարի պաշտոնը փոխանցվել էր ԲՀԿ-ին:

Նորից ծագեց արեւը` այս անգամ արդեն բնապահպանության նախարար դարձած Արամ Հարությունյանի համար, չէ՞ որ բնապահպանության ոլորտը այն ոլորտներից էր, որ կարելի էր լավ գումար դիզել` հանքերի, Սեւանի, ջրերի, կենսաբազմազանության, ինչու չէ, նաեւ որսորդության հաշվին: Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս նախորդ պաշտոնավարության ժամանակ նախարար Հարությունյանը նշել էր իր կենսագրականում, որ սիրած զբաղմունքը, բացի սպորտից, նաեւ որսն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել