Արդեն ավանդույթի համաձայն՝ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պետք է պատասխանի Իր Երկրի, Իր Ժողովրդի հարցերին և որպես Թագավոր հարցերը լուծի:
Կսկսեն հարցեր տալ, խնդիրները ներկայացնել. պոլիկլինիկաներում հերթ է, լավ չեն աշխատում, ճանապարհներն անանցանելի են, քարուքանդ վիճակում, տարերային և տեխնածին աղետների հետևանքները չեն վերացվում և այլն, և այլն:
Մի խոսքով՝ Պուտին ջան, Թագավոր ջան, մեր հույսն ու հավատը դու ես, մի բան արա…
Բայց ի՞նչ է ստացվում՝ էլ ի՞նչ պետություն, ի՞նչ պետական կառույցներ, ի՞նչ պաշտոնյաներ, ղեկավարներ, պատասխանատուներ, օրենք ու կարգուկանոն…
Փաստորեն՝ չկան, չեն գործում, չեն աշխատում, խեղդված են կոռուպցիայի, բյուրոկրատական քաշքշուկների, ամենաթողության, անտարբերության, չինովնիկական քաշքշուկների մեջ և սովորական քաղաքացու, սովորական հարցերը պետք է լուծի Ինքը՝ Թագավորը, բարի, ամենատես, ամենահաս և ամենակարող…
Միակն ու աննմանը…
Արևմտյան երկրների և ոչ մի քաղաքացու մտքով չի անցնի ու չեն հասկանա… Որովհետև այնտեղ աշխատում են պետական կառույցները, պաշտոնյաները, և նրանք Թագավորի կարիք չունեն…
Եվ կհնչեն հարցերը, կհնչեն հույսով, լալահառաչ ու խնդրող ձայնով, հույսով ու հավատով՝ «նամակ ռուսաց թագավորին», և Պուտին թագավորը «կլսի ու կլուծի» բոլոր հարցերն, ու կասեն. «Օ՜՜՜, Բենամուկի…»:
Իսկ որքան լավ կլիներ, որ Պուտինն սկսեր նրանից, թե այդ տարիներ շարունակ հնչեցվող մասնավոր հարցերից, թերությունները վերհանելուց հետո ինչ համակարգային փոփոխություններ են կատարվել, ովքեր են պատժվել, և ինչ է արվել օրինականության ամրապնդման, «մեծ բարդակին» ու ամենաթողությանը վերջ տալու ուղղությամբ: Այլապես այդ ամենն ընդամենը նմանվում է խորհրդային ոճի մի մեծ հերթական շոուի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել